Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը համաձայնության են հասել՝ կապված միջուկային օբյեկտների մոնիթորինգի հետ

Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը համաձայնության են հասել՝ կապված միջուկային օբյեկտների մոնիթորինգի հետ

Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը համաձայնության են եկել՝ կապված միջուկային օբյեկտների մոնիթորինգի հետ: Գործակալության տնօրենը և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը Թեհրանում տեղի ունեցած բանակցություններն անվանել են «կառուցողական», հաղորդում է Press TV-ն: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին առաջին հանդիպումն էր անցկացնում Իրանի նոր կառավարության հետ: Բանակցություններն, ըստ Գրոսսիի, կոնկրետ արդյունքներ են տվել: Իրանը համաձայնել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը թույլ տալ սպասարկել այն տեսախցիկները, որոնք օգտագործվում են Իրանի միջուկային օբյեկտները մշտադիտարկելու համար: Գործակալության տեսուչներին թույլ կտրվի փոխարինել տեսախցիկների հիշողության քարտերը, սակայն դրանք կպահվեն Իրանում: «Ուրախ եմ ասել, որ այսօր մենք կարողացանք շատ հստակ, կոնկրետ արդյունքներ ստանալ՝ կապված գործակալության սարքավորումների աշխատանքի շարունակականության հետ: Դա շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք անհրաժեշտ երաշխիքները և տեղեկությունները տրամադրել աշխարհին առ այն, որ ամեն ինչ կարգին է: Դա մեզ թույլ կտա օգնել Իրանին միջուկային համաձայնագրի համատեքստում ապագա բանակցությունների հարցում», – ասել է Գրոսսին: Իր հերթին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նոր ղեկավար Մոհամմադ Էսլամին ձեռք բերված համաձայնությունն անվանել է զուտ տեխնիկական: «Մենք համաձայնության ենք եկել, որ համապատասխան տեխնիկական թիմը կգա Իրան և կփոխարինի տեսահսկման սարքերի հիշողության քարտերը: Այս ամբողջ հարցն, ըստ էության, տեխնիկական է, և մեր միջև հարաբերություններում քաղաքական հարցերը տեղ չեն ունենա», – հայտնել է Էսլամին: Եվրոպական Միությունը ողջունել է ձեռք բերված համաձայնագիրը՝ նշելով, որ դա կողմերի միջև խնդիրների դիվանագիտական լուծման հնարավորություն է տալիս: Հիշեցնենք՝ 2015 թվականին Իրանը համաձայնագիր էր կնքել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ: Ըստ փաստաթղթի՝ Թեհրանը պետք է դադարեցներ միջուկային զենքի մշակումը միջազգային պատժամիջոցների չեղարկման դիմաց: Սակայն 2018 թվականին այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս էր եկել միջուկային համաձայնագրից և վերականգնել պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հարստացրել է ուրանն այնպիսի մակարդակի, որը հնարավոր է դարձում միջուկային զենքի մշակումը: Վաշինգտոնը և Եվրոպական Միությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին կոչ են արել վերադառնալ բանակցությունների: