Այդ երկու ուժերի խորհրդարան հայտնվելը ևս հետևանք է այս պատերազմի․ միամտություն կլինի նրանցից ինչ-որ դրական բան սպասել

Այդ երկու ուժերի խորհրդարան հայտնվելը ևս հետևանք է այս պատերազմի․ միամտություն կլինի նրանցից ինչ-որ դրական բան սպասել

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Ռուբեն Մեհրաբյանը Պարոն Մեհրաբյան, իշխանությունը որոշել է ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով։ Այդպիսի հանձնաժողովի անհրաժեշտություն կա՞ր, թե ոչ։ Արդյոք կարո՞ղ ենք ունենալ պատերազմի ամբողջական հանգամանքները՝ հաշվի առնելով արտաքին գործոնները։ -Իհարկե, այն ողբերգությունը, որ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի սանձազերծման փաստով, այն ընթացքով, որը տեղի ունեցավ և այն արդյունքներով, որոնք արձանագրվեցին, այստեղ մութ տեղերը շատ են, և հենց այսպես փուլ առ փուլ՝ հետաքննություն, հետազոտություն խիստ անհրաժեշտություն կար այսպիսի հանձնաժողովի։ Եվ, կարծում եմ, հանձնաժողովի ստեղծման այս որոշումը, որը անվերապահորեն ողջունելի է, գալիս է այս հարցերը լուծելու։ 21-րդ դարում որևէ տեղեկատվություն թաքցնելը, այնուամենայնիվ, անհեռանկարային գործ է։ Բայց այս ողջ տեղեկատվության հետ, այո՛, համակարգային աշխատանք է անհրաժեշտ։ Եվ սա նաև անհրաժեշտ է այս ողջ ընթացքից և արդյունքներից դասեր քաղելու առումով։ Այդ դասերը, այո՛, պետք է անցնեն նաև մեր պատմության դասագրքեր, մեր ռազմական ուսումնական հաստատությունների դասագրքեր, և այո՛, մենք այդ ամենից դաս պետք  քաղենք, և այդ սխալները, որոնք թույլ են տրվել անցյալում, ապագայում պետք է ծառայեն մեր ուժեղացմանը, և հանձնաժողովը հենց դրան է ուղղված։ -Այն խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որոնց որոշ ներկայացուցիչներ պատերազմի մասնակից են եղել, նրանք կօգնե՞ն, թե կխանգարեն այս հանձնաժողովի աշխատանքներին։ -Ես նրանցից որևէ լավ բան չեմ սպասում։ Նրանց՝ խորհրդարան հայտնվելը ևս հետևանք է այս պատերազմի, և իհարկե, միամտություն կլինի նրանցից ինչ-որ դրական բան սպասել, որովհետև այդ ուժերն այս հետպատերազմական, մինչընտրական ութ ամիսների ընթացքում արել են մի բան, որը մեզ բերում է հետևյալ գնահատականի, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի դեմ սկսվեց ութամսյա հիբրիդային պատերազմ։ Եվ այդ հիբրիդային պատերազմում այդ մարդիկ եղել են ոչ թե իրենց երկրի հետ, այլ իրենց երկրի դեմ։ Սա է հարցը։ -Այս տեսակ հանձնաժողովների արդյունավետությունն ինչպե՞ս եք գնահատում։ Հետագա ընթացքի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, օրինակ, մեղավորիներին  պատասխանատվության կանչելու իրավասություն չունի այս հանձնաժողովը։ -Եթե փաստահավաք գործունեության արդյունքում ի հայտ են գալիս հանցակազմ պարունակող փաստեր, պետությունն էլ դրա համար է, որ այդ ամենը հետաքննի և դրան տա քրեաիրավական գնահատական։ -Հանձնաժողովի մեջ կներառվեն նաև արտախորհրդարանական ուժերը։ Այդ դեպքում ավելի արդյունավետ կարո՞ղ է լինել աշխատանքը։ -Ընդհանրապես այս ապագա հանձնաժողովի գլխավոր շահառուն ՀՀ քաղաքացին է, այսօր ապրող, վաղը ծնվող քաղաքացին, և այստեղ արտախորհրդարական ուժերը մասնակցություն պետք է ունենան, նաև պետք է մասնակցեն հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հանրությունը, և այս ամենը պետք է հետաքննվի առանց քաղաքական շահարկումների, և իհարկե հանձնաժողովի ապագա գնահատականները պետք է հիմնվեն բացառապես փաստերի վրա, այսինքն՝ այս հանձնաժողովի կարևորագույն ուղղությունը փաստահավաք գործունեությունը և առաքելությունն է։ Եվ այստեղ ,այո, ընդգրկելով արտախորհրդանական ուժերին, ՀԿ-ներին. պատերազմի մասնակիցներին, միայն օգուտ է բերելու գլխավոր շահառու հասարակությանը։ Եվ այդ հանձնաժողովը պատշաճ կերպով կաշխատի։ Մեր կուսակցության ղեկավար մարմինը հանդես եկել է հայտարարությամբ, որտեղ իր պատրասակամությունն է հայտնել ամենաակտիվ մասնակցությունը ունենալ այդ գործունեությանը։ Լուսանկարը՝ panorama.am-ի