Գեղարքունիքում շտապօգնության մեքենան կողաշրջվել է, հիվանդը` տեղում մահացել

Գեղարքունիքում շտապօգնության մեքենան կողաշրջվել է, հիվանդը` տեղում մահացել

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, որի հետևանքով հիվանդը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 02:00-ի սահմաններում Երևան-Սևան իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի բնակիչ, 55-ամյա Գնել Հարությունյանի վարած «Jinbei» մակնիշի և Գեղարքունիքի բնակիչ, 44-ամյա Համլետ Խանզադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Jinbei»-ը, որը հաշվառված է Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության ավտոմեքենա, կողաշրջվել է: Վերոհիշյալ ավտոմեքենայով Տավուշի մարզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդին՝ Բերդ քաղաքի բնակիչ, 60-ամյա Ս. Գևորգյանին, տեղափոխում էին Երևանի հիվանդանոցներից մեկը: Կողաշրջման հետևանքով կինը տեղում մահացել է, իսկ նրա 62 ամյա քույրը, որը նույնպես եղել է \տապօգնության ավտոմեքենայի մեջ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» ԲԿ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ըստ կայքի` վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, որը վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանից դուրս է եկել և չթույլատրվող հատվածով հատել է ճանապարհը, վթարային իրավիճակ է ստեղծել վարորդների համար, ապա բախվել շտապօգնության ավտոմեքենային: Շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած, վարորդը պահպանել է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները: