Հայաստանի գլխավոր բանակցողների խորհրդավոր պատմությունը

Հայաստանի գլխավոր բանակցողների խորհրդավոր պատմությունը

Հայաստանը չի քննարկել ու չի քննարկում միջանցքային տրամաբանության որևէ հարց, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 29-ի կառավարության նիստում անդրադառնալով Գեղարքունիքի սահմանային դիրքերի ուղղությամբ ադրբեջանական գրոհի հետևանքով առաջացած լարվածությանը: Փաշինյանի արձագանը վկայում է, որ հետպատերազմական իրողությունների առանցքում «միջանցքի» հարցն է, որը միայն ալիևյան շրջանառության հարցը չէ: Հակառակ դեպքում հազիվ թե պաշտոնական Երևանը պարբերաբար անդրադառնար խնդրին և հայտարարեր միջանցքի տրամաբանություն բացառելու մասին: Ավելին, հենց գեղարքունիքյան լարվածությանը հաջորդող անդրադարձը վկայում է, որ «միջանցքային» տրամաբանությունն ունի շատ ավելի առարկայական «ներկայություն» ռեգիոնալ իրողությունների համատեքստում, քան զուտ ալիևյան հռետորաբանությունը: Ըստ այդմ առաջանում է հարց, թե Ալիևից բացի ի՞նչ ուղղությունից է առկա «միջանցքի» հարցը կամ միջանցքային տրամաբանությունը, ի՞նչ շեշտադրումով, ինչ կապակցվածությամբ: Այդ հարցերի վերաբերյալ հանրությունը չունի ստույգ պատկերացում, ըստ այդմ գնահատականի կամ եզրահանգման հնարավորություն: Կա՞ ճնշում Հայաստանի վրա, և որտեղի՞ց է այդ ճնշումը: Խոսքն իհարկե այն մասին է, թե արդյո՞ք ճնշում կա համանախագահ երկրներից, կամ նրանցից որևէ մեկից առանձին: Ենթադրության մակարդակով հանրային պատկերացումները տարբեր են, սակայն հասկանալի է, որ սա բոլորովին այն թեման չէ, որի վերաբերյալ մոտեցումներ կառուցվեն ենթադրության մակարդակով: Մինսկի խմբի համանախագահ որևէ երկիր չի բարձրաձայնում միջանցքային տրամաբանությամբ ոչինչ, և ավելին՝ Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում տված հարցազրույցում նշել էր, որ պետք է «մոռանալ» միջանցքների մասին: Ֆրանսիային հորդորում է «մոռանալ», իսկ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգնե՞րը: Այստեղ անորոշություն է, մինչև շատ կարևոր է հասկանալ՝ Ֆրանսիայի դիրքորոշումը համահո՞ւնչ է Նահանգներին, թե՞ Ֆրանսիան ոչ թե Բաքվին էր հորդորում մոռանալ «միջանցքի» մասին, այլ համանախագահներից որևէ մեկին: Արդյո՞ք Ֆրանսիայի դիրքորոշումն է օգնում Երևանին չհայտնվել «միջանցքի» պահանջի հարցում լիակատար մեկուսացման կամ միայնության մեջ, եթե հաշվի առնենք և այն, որ միարժեք չէ նաև հարևան Իրանի դիրքորոշումը: Իրանը խոսում է Հայաստանի սահմանի փոփոխության անընդունելիության մասին, բայց ամբողջ հարցն այն է, որ «միջանցքային» տրամաբանությունը կարող է ունենալ տարբեր կոնֆիգուրացիաներ, այդ թվում այնպիսին, որ Հայաստանի հարավային սահմանը մնում է Հայաստանի հարավային սահման, բայց Հայաստանի տարածքում գործում է «միջանցքային» տրամաբանություն: Առավել ևս, որ Բաքուն կարծես թե հենց այդ տրամաբանության վրա էլ անում է շեշտադրումը, գուցե պայմանավորված նաև Իրանի դիրքորոշումով: Առավել ևս, որ արցախյան կարգավորման գործընթացում «միջանցքային» տրամաբանությունը ունի հենց այդ կոնֆիգուրացիայով քննարկման և նաև պաշտոնական Երևանի որոշակի հավանությանն արժանացած լինելու պատմություն, ինչի մասին դե ֆակտո խոստովանել է նաև Ռոբերտ Քոչարյանը 2020 թվականի իր հարցազրույցներից մեկում, խոսելով այն մասին, որ Քի Վեսթում Հեյդար Ալիևի հետ քննարկել է Մեղրիով «սուվերեն ճանապարհի» հարց: Ահա այդ համատեքստում էլ կարևոր է դառնում հարցադրումը. Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի պատմության մասնակից Հայաստանի գլխավոր բանակցողները այժմ կունենա՞ն հանրությանը այդ պատմության առանցքային դրվագի դեր ստացած և այսօր ռեգիոնալ զարգացումների «լողացող ականի» վերածված «միջանցքային  տրամաբանության» հանրայնացումը, կամ համընդհանուր ուժերով սատարել պաշտոնական Երևանի ներկայիս դիրքորոշմանը, որ Երևանը չի քննարկել ու չի քննարկի միջանցքային տրամաբանություն և այն որևէ ռազմական շանտաժով Հայաստանին պարտադրելը կբախվի բոլորի հավաքական դիմադրությանը: