Նոր գեներալ քաղաքականության մե՞ջ. հայկական բանակի հին ու նոր դերը

Նոր գեներալ քաղաքականության մե՞ջ. հայկական բանակի հին ու նոր դերը

ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան նախկին ռազմական կցորդ, վարչապետի նախկին խորհրդական և վերջապես ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, կամ դե ֆակտո պաշտպանության նախարար, ինչը հավանաբար պաշտոնական ձևակերպում կստանա կառավարության ձևավորման գործընթացում: Այդպիսով, պաշտպանության նախարար է դառնում պաշտոնաթող գեներալը, և քանի որ նախարարի կարգավիճակը քաղաքական է, ապա ստացվում է, որ գեներալը մտնում է հայկական քաղաքականություն: Ըստ այդմ առաջանում է հարց՝ ինչու և ինչով: Ի՞նչ է բերելու գեներալը հայկական քաղաքականություն, հատկապես պաշտպանական քաղաքականություն: Հայկական բանակը ծանր պատերազմից և ռազմական պարտությունից հետո կանգնած է երկու առանցքային խնդրի առաջ: Մեկը բանակի կառուցվածքային, որակական, սպառազինական, տեխնիկական արդիականացումն է, վերափոխումը, նոր իրողություններին և ժամանակակից տեխնոլոգիական պատերազմներին ադապտացումը, մյուսը բանակի ռազմա-քաղաքական, եթե կուզեք՝ գաղափարական դերի ձևավորումը թե ներպետական, թե ռեգիոնալ մասշտաբով: Արցախի առաջին պատերազմում ռազմական հաղթանակից հետո հայկական զինուժը, ըստ էության այդ հաղթանակին զուգահեռ ձևավորվող հայկական բանակը ստանձնեց ռեգիոնալ առանցքային դեր, մեծ հաշվով ռեգիոնալ անվտանգային առանցքի նշանակություն: Սակայն, հետագա ընթացքում բանակը այդ նշանակությանը առավել ադապտացված ու համադրված կառույց, ինստիտուտ դառնալու փոխարեն, խորքային առումով հեռանում էր այդ դերից ու նշանակությունից, ինչի համար իր պատասխանատվությունն ուներ թե գեներալակազմը, թե քաղաքական ղեկավարությունը: Խնդիրն այն է, որ հայկական բանակն իր ռեգիոնալ նշանակալի դերակատարումով և դիրքավորումով հանդերձ, պետական քաղաքականության մակարդակում չստացավ դրան համարժեք բովանդակային սնուցում, ինքը վերածվելով քաղաքական իշխանության կոնյուկտուրայից բխող կենացային սնուցումների աղբյուրի: Մեր բանակը այդպիսով դարձավ ոչ թե քաղաքականության ամրապնդման և բյուրեղացման, այդպիսով նաև պետական կենսագործունեության արդիականացման կարևոր աղբյուր՝ հաշվի առնելով ռեգիոնալ իրողություններն ու դրանցում մեր բանակի դերը, այլ վերածվեց առաջին պատերազմից հետո պետական կենսագործունեության մոտ քառորդ դարի ընթացքում պետական համախառն քաղաքականության համակարգային արատների, քաղաքական իշխանության խմբային կամ անձնային, կլանային շահերի զգայական ծածկոցի, «կամուֆլյաժի»: Հետևանքի մասին խոսելը թերևս ավելորդ է, քանի որ դժբախտաբար այն շատ թարմ է: Ներկայումս բանակը հայտնվել է նոր իրավիճակում, ինչպես ամբողջ ռեգիոնը, բայց դերի խնդիրը դրանից ոչ միայն չի կորցրել արդիականությունը, այլ ստացել է թերևս նոր իմաստ և նշանակություն, թե ներքին, թե արտաքին առումով: Խոսքը ամենևին ռևանշի ձգտման պարզունակ քարոզչական կատեգորիաների մասին չէ: Եվ ընդհանրապես ռևանշի ձգտման մասին չէ, քանի որ դա պարզապես կարող է լինել նոր ծուղակ մեր զինուժի ռազմա-քաղաքական դերի վերաիմաստավորման կարևոր գործընթացում: Հայկական զինուժը պետք է դառնա պետական արդիականացման գաղափարախոսական հոսանքի ձևավորման կարևոր բաղադրիչ, կրող, արտահայտիչ, ցուցիչ, որը մի կողմից հրապարակավ զերծ մնալով ռևանշի մասին քարոզչական կատեգորիաներից, մյուս կողմից իր ամբողջ որակով ու նկարագրով հանդերձ կխոսի ռեգիոնալ մասշտաբի լրջագույն ռազմա-քաղաքական խնդիրներ լուծելու համոզիչ կարողության մասին, այդպիսով դառնալով պետական քաղաքականության ոչ թե անորակության ծածկոց, այլ հակառակը՝ որակի նշան: Ունի՞ պաշտոնաթող գեներալը այդ խնդիրների ուղղությամբ համակարգային աշխատանքի հիմք դնելու համար անհրաժեշտ որակներ: Լուսանկարը՝ Armeniasputnik-ի