Վահան Քերոբյանն ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում տպավորիչ աճ է ակնկալում

Վահան Քերոբյանն ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում տպավորիչ աճ է ակնկալում

ՀՀ գյուղատնտեսության ոլորտում աճ է ակնկալվում, որը կերևա արտահանման, ինչպես նաև գյուղատնտեսական համախառն ծավալներում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: «2020 թվականին ՀՀ-ում գյուղատնտեսությունը եղել է այն ոլորտներից մեկը, որն առավելագույնս լավ է դրսևորել իրեն: Այս տարի ակնկալում ենք, որ այդ ոլորտում տպավորիչ աճ կլինի, քանի որ գյուղատնտեսական ծրագրերը, որոնք սկսվել են դեռևս 2019 թվականից՝ հիմա են ռեալ արդյունք տալիս: Այդ ամենը կերևա արտահանման, ինչպես նաև գյուղատնտեսական համախառն ծավալներում»,- նշեց նախարարը: Հարցին, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը, Քերոբյանը պատասխանեց, որ անցյալ տարի մեծ աջակցություն է եղել մշակող արդյունաբերությանը՝ սննդի վերամշակմանը: «Մենք 0 տոկոս վարկային ռեսուրսներ ենք հատկացրել բոլոր մթերողներին: Նրանք դրա շնորհիվ հնարավորինս շատ գյուղատնտեսական արտադրանք կկարողանային մթերել: Ծրագրերից մեկն էլ եղել է ինտենսիվ այգիների խթանումը: Արդեն իսկ բավականաչափ բերք կա, ինչն էլ էապես կազդի այս տարվա գյուղատնտեսական համախառն արտադրանքի վրա»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը: Նրա խոսքով՝ գյուղատնտեսությունում եղած ծավալներն իրեն չեն բավարարում, քանի որ այս ոլորտը մնում է ամենացածր արտադրողականություն ունեցողներից մեկը: