Այդ ճգնաժամերից յուրաքանչյուրը բավարար է իշխանափոխության համար․ Ռոբերտ Քոչարյան

Այդ ճգնաժամերից յուրաքանչյուրը բավարար է իշխանափոխության համար․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստան դաշինքն իշխանության է գալիս՝ երկրի առջև ծառացած երեք գլխավոր մարտահրավերները՝ անվտանգային, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերը հաղթահարելու համար: Էրեբունի համայնքում ընտրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց դաշինքի նախընտրական ցուցակը ղեկավարող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, ճիշտ քայլ ենք արել, բայց նաև մեծ պատասխանատվության տակ ենք մտնում: Հայաստանում կա միաժամանակ երեք ճգնաժամ՝ անվտանգային, քանի որ երկիրն անվտանգ չէ, սահմանները պաշտպանված չեն, երկրորդը՝ տնտեսական ճգնաժամն է, քանի որ աճում է գործազրկությունն, աղքատությունն ու արտագաղթը, և երրորդն էլ ներքաղաքական ճգնաժամն է՝ ատելության մթնոլորտը: Ու այս բոլորը ներկայիս վարչախմբի աշխատանքի արդյունքն է: Ու այդ ճգնաժամերից յուրաքանչյուրը բավարար է իշխանափոխության համար», - ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Հայաստանում երբեք չեն եղել ընտրություններ, երբ թիվ մեկ հարց լինի անվտանգությունը: «Մենք գալիս ենք մեկ նպատակով՝ ապահովելու երկրի անվտանգությունը, շտկելու բանակի այսօրվա վիճակը, պաշտպանելու մեր սահմանները: Գալիս ենք հաղթահարելու տնտեսական ճգնաժամը, ապահովելու տնտեսական աճ, ստեղծելու աշխատատեղեր ու կանգնեցնելու արտագաղթը: Ի դեպ, Հայաստանի անկախության ողջ ժամանակահատվածում միայն իմ նախագահության երեք տարիներն ենք ունեցել ներգաղթ, և սա պետք է կրկնենք: Վերջապես, մենք գալիս ենք հանգստություն բերելու մեր հասարակությանը», - եզրափակեց Քոչարյանը: