ՀՀ ՊՆ և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարները քննարկել են անհայտ կորածների և գերիների ճակատագրերը պարզելու հարցեր

ՀՀ ՊՆ և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարները քննարկել են անհայտ կորածների և գերիների ճակատագրերը պարզելու հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2020թ. սեպտեմբերին Արցախի դեմ շփման գծի ամբողջ երկայնքով սանձազերծած թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհայտ կորած և գերության մեջ հայտնված անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերին: «Վաղարշակ Հարությունյանը ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը ադրբեջանական իշխանությունների կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրական թվի քողարկման և այս՝ բացառապես հումանիտար բնույթ կրող հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու փորձերի վերաբերյալ: Նշվել է, որ նման գործելաոճը հանդիսանում է միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարության դրույթների շրջանակներում Ադրբեջանի կողմից ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Վաղարշակ Հարությունյանը միաժամանակ երախտագիտություն է հայտնել ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության կողմից գործադրվող ջանքերի համար, նշել, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Թիերի Ռիբոն իր հերթին հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման ուղղությամբ: