Ռուս խաղաղապահների ապագան Արցախում

Ռուս խաղաղապահների ապագան Արցախում

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե մոլորություն է մտածել, որ հինգ տարի անց ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից, վերաբերում է Հայաստանի և Արցախի անվտանգային ռազմավարության համար կարևորագույն խնդրի: Դրա մասին խոսել ենք բազմիցս, և անշուշտ դեռ լինելու են խոսելու առիթներ: Թեման իրապես լուրջ է, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնք թերևս չունեն ավելորդ անգամ թվարկվելու անհրաժեշտություն: Գնալու՞ են ռուս խաղաղապահները հինգ, ավելի շուտ արդեն 4 ու կես տարի անց, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանն անշուշտ բուքմեյքերական խաղադրույքի համար չէ, այլ Հայաստանի ու Արցախի անվտանգային կայուն հեռանկարին ուղղված քաղաքականություն մշակելու համար: Միաժամանակ ակնառու է, որ այդ հարցի պատասխանը գուցե հենց այդ բուքմեյքերական տրամաբանության ներքո է, եթե մենք փորձում ենք ունենալ այն այսպես ասած ճշգրիտ տեսքով: Իսկ ո՞վ կարող է ասել՝ գնալու են, թե ոչ: Չի կարող ասել ոչ ոք, որովհետև Հայաստանում չկա այն անձը կամ ուժը, որը իրազեկ է այդ մակարդակում աշխարհաքաղաքական գործընթացներին, ՌԴ նախագահի և Թուրքիայի նախագահի, կամ ՌԴ-ԱՄն մակարդակում քննարկումների բուն բովանդակության մասին: Իսկ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հարցի «բանալին», ինչպես կասեր Տեր-Պետրոսյանը, այդ հարթություններում է, հետո նոր միայն իջնում է ռուս-ադրբեջանական կամ հայ-ռուսական հարթություն: Ի վերջո, առաջին նախագահն ինքն էր հեռուստահարցազրույցում հայտարարում, որ՝ ոչ ոք չգիտե Ռուսաստանի նպատակները, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ նպատակ ունի Ռուսաստանը: Ընդ որում, կասկածից վեր է, որ դրա պատճառն այն չէ, որ այդ նպատակները պահվում են սրբազան գաղտնիքի ռեժիմում: Իհարկե դա նաև այդպես է, այսինքն խորքային ռազմավարական նպատակները անշուշտ Ռուսաստանի ռազմա-քաղաքական, անվտանգային կառույցների փակ փաստաթղթերում են, իսկ հաճախ պարզապես այդ փաստաթղթերը մշակողների և ընդունողների գլուխներում: Սակայն այստեղ առաջին նախագահը նկատի ուներ թերևս այն, որ Ռուսաստանը նաև անկանխատեսելի պետություն է թե ներքին հարաբերությունների, թե աշխարհի հետ հարաբերությունների իմաստով: Ըստ այդմ, հնարավոր չէ ֆիքսել Ռուսաստանի մեկ նպատակ, կամ նպատակային մի որևէ բույլ, և հայկական քաղաքականությունը կառուցել դրա վրա: Ի վերջո կա՞ որևէ երաշխիք, որ Ռուսաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը պայմանական վաղը չի որոշի, որ ռուսական անվտանգային բնագծերը պետք է անցնեն ոչ թե այսպես ասած Հարավային, կամ իրենց ասած՝ Անդրկովկասով, այլ Հյուսիսային Կովկասով, որտեղ անմիջական ՌԴ տարածքային ամբողջությունն է: Իհարկե, չկա նաև որևէ երաշխիք, որ Ռուսաստանը չի անի հակառակը՝ բնագծերը հասցնելով ենթադրենք Մեղրի ու Ջաբրայիլ, բայց ամբողջ հարցն այն է, որ չկա որևէ երաշխիք: Ինչպես որ չկա երաշխիք, որ Ռուսաստանը վաղը կարող է Թուրքիայի հետ փոխանակումներ անել Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, որտեղ մուտք է գործում Անկարան: Հետևաբար, Հայաստանը չունի իրավունք առաջնորդվելու այն կանխավարկածով, որ ռուս խաղաղապահները չեն հեռանալու: Հայաստանը պարտավոր է ունենալ գործուն սցենարներ այն պարագայի համար, երբ առաջանում է ռուս խաղաղապահների հեռանալու հարց: Հայաստանը չպետք է նախաձեռնի թե հեռանակու որևէ գործընթաց, թե իհարկե չպետք է անի ամեն ինչ նրանց մնալու համար, բայց Հայաստանը պետք է ունենար պատրաստ սցենարներ և քաղաքական վարքագծի մշակումներ թե նրանց ևս 5 կամ թեկուզ 20 տարի մնալու, թե նրանց 5 օր անց հեռանալու պարագաների համար: Իհարկե գլխավոր ռազմավարական խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է ունենա մեկ ուղենիշ՝ առավելագույնս արագ կարողանալ հասնել վիճակի, երբ Հայաստանը ինքը կկարողանա ապահովել Արցախի անվտանգությունը վերստին: Կամ, ոչ թե վերստին, այլ թերևս՝ ի վերջո: Որովհետև, ինչպես ցույց տվեց նախորդ քառորդ դարը, Հայաստանը, կամ հայաստանյան վերնախավը պարզապես խաբել է կամ ինքն իրեն, կամ հանրությանը, որովհետև Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովվել է ավելի շոււտ հռչակարգա-բաժակաճառային, քան եղած և աճող մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք մակարդակով: