Հայկական այլընտրանքի դիսկուրսին հագցված խեղդող պարանը

Հայկական այլընտրանքի դիսկուրսին հագցված խեղդող պարանը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը, որ ռեգիոնալ այցով գտնվում է Հայաստանում, խոսելով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին և արտահայտելով ԱՄՆ դիրքորոշումն ասել է, որ կողմերը պետք է հետ քաշեն զինված ուժերը այն դիրքեր, որտեղ դրանք եղել են մայիսի 11-ի դրությամբ: Այլ կերպ ասած, ԱՄՆ պետքարտուղարը արտահայտել է ըստ էության այն մոտեցումը, որ ներկայացնում է Երևանը և որը նաև առաջարկի ձևով հանրայնացրել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ռիքերը ասել է նաև, որ ԱՄՆ պատրաստ է ցուցաբերել օժանդակություն սահմանների ճշգրտման հարցում: Փաստորեն, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան՝ Մինսկի խմբի երկու համանախագահները, դրական են արտահայտվել Երևանի առաջարկի կապակցությամբ: Անկասկած է, որ այստեղ առանցքային է Ռուսաստանի դիրքորոշումը, որը համառորեն խուսանավում է իրավիճակի կոնկրետ գնահատականից, նվազագույնն օրինակ այն իրողությունն արձանագրելուց, որ ադրբեջանական կողմը հատել է հայկական սահմանն ու պետք է վերադառնա ելման դիրք: Որքան հստակ են դառնում ԱՄՆ ու Ֆրանսիայի գնահատականները, այդքան առավել աչք է զարնում ռուսական դիրքորոշման լղոզվածությունը, ինչն էլ ավելի է խորացնում կասկածներն առ այն, որ Մոսկվան կամ բացարձակապես ի վիճակի չէ կենսունակ օժանդակություն ցուցաբերել Հայաստանին անվտանգային ռիսկերի կառավարման գործում, կամ հենց ինքն է Հայաստանի համար անվտանգային ռիսկերի գեներացման գործընթացի մասնակից, եթե ոչ՝ նախաձեռնող: Պայմանականորեն՝ ճշմարտությունը գուցե «մեջտեղում» է: Այսինքն, Ռուսաստանը անվտանգային առումով վաղուց կենսունակ գործընկեր կամ դաշնակից չէ որևէ մեկի համար, մյուս կողմից այդ ոչ կենսունակությունը Ռուսաստանին ստիպում է իր ազդեցության գոտին պահել ոչ թե դաշնակցային առաջարկներով, դաշնակցային օժանդակության հուսալի գործողություններով, այլ շանտաժով և սպառնալիքով: Այդ իմաստով, Ռուսաստանը Հայաստանն իր ազդեցության գոտում է պահում այդպես, ու արդեն շատ երկար ժամանակ, եթե ոչ մեծ հաշվով ամբողջ հետխորհրդային ժամանակաշրջանում:  Սա մեր պետականության խորքային խնդիրն է, որի լուծման ուղղությամբ հայկական միտքը խիստ անբավարար է աշխատել անցնող երեք տասնամյակում, և խոշոր հաշվով անբավարար է աշխատում մինչ այժմ: Բանն այն է, որ այդ միտքը աշխատել և աշխատում է առավելապես պարզունակ ծայրահեղությունների համատեքստում: Այսինքն, Ռուսաստանը միակ փրկիչն է, Ռուսաստանը փրկիչ չէ, այլ թշնամի: Այստեղ որևէ ծայրահեղությունում չկա որևէ լուծում, կամ գնահատական, ինչը սակայն որքան էլ լինի իրավացի, միևնույն է՝ լուծում չէ: Հայ ժողովրդին, հայկական պետականությանը պետք է լուծում, որի համար իհարկե շատ կարևոր են ստույգ, ճշգրիտ ախտորոշումներն ու գնահատականները, բայց դրանք չէ, որ պետք է կազմեն քաղաքական բովանդակությունը: Ավելին, որքան բովանդակությունից հեռու լինեն ծայրահեղությունները, այդքան բացվում է դաշտը Հայաստանի համար այլընտրանքային հնարավորությունների և դիվերսիֆիկացված քաղաքականության ու անվտանգության բովանդակություն ձևավորելու, դրան ուղղված քաղաքական միտք զարգացնելու համար: Եվ թերևս հենց դա թույլ չտալու համար է նաև դաշտը լցվում ծայրահեղություններով, արվում քայլեր ուղղակի, թե անուղղակի ձևերով դրանք խթանելու և այդպիսով այլընտրանքի և բազմազանեցման ուղղությամբ բովանդակային, առարկայական, ռացիոնալ մտքի զարգացումը կամ ծավալումը թույլ չտալու համար, բովանդակային դիսկուրսի հնարավորությունը հռչակագրային ծայրահեղություններով խեղդելու համար: