ԱՄՆ-ը ու Մեծ Բրիտանիան սկսում են. ինչ է սպասվում Հայաստանին

ԱՄՆ-ը ու Մեծ Բրիտանիան սկսում են. ինչ է սպասվում Հայաստանին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը սկսել է իր առաջին եվրոպական շրջագայությունը, որի մեկնարկը տրվել է Եվրոպայում ԱՄՆ թերևս թիվ մեկ դաշնակից Մեծ Բրիտանիայից: Լոնդոնում Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ստորագրել են Ատլանտյան նոր խարտիան, ինչը տեղի է ունեցել նախորդի ստորագրման 80-րդ տարեդարձին: Նոր Ատլանտյան խարտիայով ԱՄՆ ու Մեծբրիտանիան վերհաստատում են ժողովրդավարության պաշտպանության ու զարգացման առաքելությունն ու հանձնառությունը, նշելով, որ պաշտպանելու են ժողովրդավարությունները ինչպես հին, այնպես էլ նոր ռիսկերից: Վաշինգտնոնն ու Լոնդոնը վերհաստատում են, որ աջակցելու են ժողովրդավարությունների զարգացմանը թե իրենց երկրներում, թե նաև աշխարհում: Նրանք ամրագրում են, որ պաշտպանելու են բաց հասարակության, օրինականության, իրավականության, քաղաքացիական հանրության և անկախ ԶԼՄ գաղափարները նրանցից, ովքեր փորձում են կոտրել դրանք: Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը հայտարարում են, որ միջուկային վահանի աջակցություն են ՆԱՏՕ անդամ դաշնակիցների համար, քանի դեռ աշխարհում պահպանվում է միջուկային սպառնալիքը: Միաժամանակ, նրանք հայտարարում են, որ պետք է ամրացնել միջազգային կարգը: «Մենք միասնական ենք ինքնիշխանության, տարածքային ամբողջության, և վեճերի խաղաղ կարգավորման հարցում», ասված է խարտիայում: Այդ կետը անշուշտ Հայաստանի համար առավել ուշադրության արժանի և թերևս առանցքային կետերից մեկն է: Բանն այն է, որ Հայաստանը անշուշտ ունի ժողովրդավարության զարգացման աջակցության մեծ անհրաժեշտություն, այդ թվում հանուն ինքնիշխանության բարձրացման, և հաշվի առնելով նաև ռեգիոնալ իրավիճակը, որ ստեղծել են Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմով և Ռուսաստանի հետ պայմանավորվածությամբ՝ հանուն Հայաստանի նաև տարածքային ամբողջության պահպանման: Մյուս կողմից, Հայաստանն ունի Արցախի ինքնորոշման և կարգավիճակի, Արցախի տարածքային ամբողջության հարց և այստեղ շատ կարևոր է ոչ միայն տարածքային ամբողջության, այլ նաև ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Եվ այն, որ Ատլանտյան նոր խարտիայում Լոնդոնն ու Վաշինգտոնը չեն հիշատակում դա, մի կողմից իհարկե օրինաչափ է թվում միջազգային հարաբերությունների համատեքստում, որտեղ տարածքային ամբողջությունը գերակա սկզբունքն է անկասկած, մյուս կողմից հուշում է, որ Արցախի հարցում Հայաստանն ունի ահռելի աշխատանք, որպեսզի այդ հարցը պահպանի իր որոշակի առանձնահատուկ դիտարկելիությունը: Առանձնահատկությունն այն է, որ Արցախի հարցում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում տարածքային ամբողջության ու ինքնորոշման սկզբունքները դիտարկվել են համատեղ, ինչի ապահովումը Հայաստանի համար ռազմավարական խնդիր է նաև ապագայում: Միևնույն ժամանակ, այստեղ կա բավականին նուրբ մի հանգամանք: Անկասկած է, որ այդ սկզբունքների կիրառումն այդուհանդերձ ենթակա է իրական քաղաքականությանը, ըստ այդմ, անհրաժեշտության դեպքում կամ շահերից բխելով գերակայություն է տրվում այս կամ այն սկզբունքին: Եվ այստեղ Հայաստանի համար գլխավոր խնդիրը միջազգային շահերի համակարգում հաստատուն տեղի ձևավորումն ու դերի մշակումն է: Իսկ Լոնդոնում ստորագրված Խարտիան ըստ էության միջազգային համակարգի վերաֆորմատավորման մասին Վաշինգտոնի և Լոնդոնի մտադրությունն է, ըստ էության նոր աշխարհակարգի մասին հռչակագիր, որտեղ համաշխարհային ուժային երկու առանցքային կենտրոններ, ՄԱԿ ԱԽ երկու հիմնական անդամներ ազդարարում են այդ աշխարհակարգի ձևավորման գործում իրենց ուղենիշային պրիզման: Հայաստանը կամ կարողանում է տեղավորվել այդ պրիզմայում՝ այդ թվում Արցախի խնդրում ռազմավարական անելիքներով հանդերձ, կամ դուրս է մնում դրանից, այդ դեպքում ցավալիորեն հնարավոր ռիսկերով ու հետևանքներով հանդերձ, կամ ավելի շուտ՝ այդ ռիսկերի և հետևանքների նոր ալիքով, որովհետև Հայաստանը մի անգամ արդեն բավականին թանկ վճարեց հետխորհրդային մոտ երեք տասնամյակում միջազգային շահերի համակարգից հետևողականորեն դուրս մղվելու և Հայաստանի անվտանգային միջավայրին օտար զուտ եվրասիական շահերի օրակարգում արգելափակվելու համար: