Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը չեն նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը չեն նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովա

Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակումը առաջնահերթ խնդիր է, որի իրականացման հարցում շահագրգռված են տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք քննարկվում է միջանցքի հարցը, և շարունակում է արդյոք գործել եռակողմ աշխատանքային խումբը։ Զախարովայի խոսքերով՝ եռակողմ հայտարարություններում առկա են նման պայմանավորվածություններ, աշխատանքը հանձնարարված էր երեք երկրների փոխվարչապետներին, իսկ փորձագետները կատարել էին հաղորդակցության ուղիների վերականգման համար անհրաժեշտ միջոցների վերլուծություն, որն, ըստ էության, թույլ է տալիս առաջիկա հեռանկարում անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացման։ «Մենք ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբը մոտ ապագայում կվերսկսի իր աշխատանքը՝ համաձայն ղեկավարների եռակողմ պայմանավորվածության, որով էլ նրանք սահմանել են նման աշխատանքի ուղղությունը։ Ընդ որում՝ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցող միջադեպերն, անշուշտ, չեն նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ընդհանուր ֆոնի կարգավորմանը»,- ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ խոսնակը կողմերին զսպվածության և լարվածության թուլացման կոչ է արել՝ հորդորելով հակասությունները լուծել բացառապես խաղաղ, բանակցային եղանակով։