Բելառուսի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա՝ Լավրովի հետ բանակցությունների․ Զախարովա

Բելառուսի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա՝ Լավրովի հետ բանակցությունների․ Զախարովա

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հունիսի 17-18-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված են բանակցություններ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հունիսի 17-18-ը Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով աշխատանքային այցով կլինի Մոսկվայում: Այցի ծրագիրը նախատեսում է բանակցություններ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև, որոնք կքննարկեն երկկողմ համագործակցության և միջազգային օրակարգի արդի հարցերի լայն շրջանակ»,- ասել է նա: Զախարովան նշել է, որ բանակցությունների օրակարգում ընդգրկվելու է ռուս Սոֆյա Սապեգայի (Մինսկում ձերբակալված լրագրող Ռոման Պրոտասևիչի ընկերուհին – խմբ.) կալանքի հարցը։ «Այս հարցը գտնվում է երկրի, մեր նախարարության վերահսկողության ներքո: Այն քննարկվում է դիվանագիտական շփումների ընթացքում և ներառվելու է երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների օրակարգում, որոնք տեղի կունենան հունիսի 18-ին Մոսկվայում»,- հավելել է Զախարովան: Բացի դրանից՝ բանակցություններում նախարարները հատուկ ուշադրություն կդարձնեն Դաշնակցային պետության, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակներում փոխգործակցությանը, ինչպես նաև միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում մոտեցումների համակարգմանը: «Նախատեսվում է նաև մտքերի փոխանակում միջազգային և եվրոպական անվտանգության հարցերի, ինչպես նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների, նաև ինքնիշխան պետությունների ներքին գործերին արտաքին միջամտությանը հակազդելու համատեղ քայլերի վերաբերյալ»,- հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանն անընդունելի է համարում Մինսկի նկատմամբ ճնշման քաղաքականությունը, որը կիրառում է Եվրամիությունը: Դիվանագետի խոսքով, Մինսկի օդանավակայանում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված իրավիճակը դարձել է «Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը մեծացնելու հերթական պատրվակ»: Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում բելառուսական կողմի հետ համագործակցությամբ համապարփակ ուսումնասիրել դեպքի հանգամանքները: