Ակնհայտ է՝ ընտրություններում հաղթելու է Փաշինյանը․ Կոլերով

Ակնհայտ է՝ ընտրություններում հաղթելու է Փաշինյանը․ Կոլերով

«Միգուցե ձեզ հիասթափեցնեմ, բայց կասեմ ճշմարտությունը՝ Ռուսաստանում չեն հետևում Հայաստանի նախընտրական արշավին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, Ռեգնում գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։ Նրա  խոսքերով՝ Ռուսաստանում կա 5-6 Հայաստանի մասնագետ, որոնք հետևում են Հայաստանի ներքաղաքական կյանքին, բայց ընդհանուր առմամբ այդ հարցը Ռուսաստանի օրակարգում չէ․«Եվ երկրորդ՝ փորձագիտական մակարդակում նշվում է, որ ակնհայտորեն հաղթելու է Փաշինյանը։ Ուրեմն՝ ոչինչ չի փոխվելու»։ Մեր այն դիտարկմանը, թե շատ ուժեր այս օրերին շտապում են Մոսկվա, հայտարարում, որ Ղրիմը ռուսական է, խոսում հայ-ռուսական հարաբերություններն էլ ավելի խորացնելու մասին և հարցին՝ արդյոք այդկերպ նրանք ակնկալում են Մոսկվայի աջակցությունը,  Մոդեստ Կոլերովն արձագանքեց․«Հարցն այն է, որ Հայաստանում կան տարբեր ուժեր, շատ բան են խոսում հայ-ռուսական  հարաբերությունների մասին։ Չենք կարող արձագանքել բոլորին։ Բայց ես ուզում եմ ասել, որ այստեղ նկատել են և մասնագետները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում ընդդիմադիր շրջանակներում շատերը առաջ են քաշում այն թեզը, որ Ռուսաստանը որպես  դաշնակից՝ իր առջև դրված խնդիրները չի կարողացել լուծել և որ Հայաստանը պետք է փնտրի նոր դաշնակից՝ Ֆրանսիայի տեսքով։ Փաշինյանի այցելությունը Ֆրանսիա հենց այս կոնտեքստում է  դիտարկվում։ Մենք այդ թրենդը նկատել ենք»։ Նշեցինք, որ Փաշինյանի հիմնական մրցակիցներից երկրորդ ու երրորդ նախագահներն էլ նշում են, որ Ռուսաստանին այլընտրանք չկա․«Ես չեմ ասում, որ դաշնակցին փոխելու ցանկությունը մասսայական բնույթ է կրում։ Բայց այդ ցանկությունը միանշանակ նկատելի է դարձել»,-ասաց մեր զրուցակիցը։ Հետաքրքրվեցինք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի՞ Ռուսաստանի աջակցությունը։ Եվ մեր այն դիտարկմանը, որ նա ընկերական հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Պուտինի հետ, արդյոք դա կարող է նշանակություն ունենալ, Կոլերովը պատասխանեց․«Դա որևէ դերակատարություն ունենալ չի կարող»։ Միևնույն ժամանակ քաղաքագետը նշեց՝ ընտրություններից հետո հայ-ռուսական հարաբերություններում կարող են փոփոխություններ լինել․«Բայց ուզում եմ միանշանակ ասել, որ ոչ թե Ռուսաստանը Հայաստանի կարիքն ունի, այլ՝ Հայաստանը Ռուսաստանի։Շեշտեմ՝ անվտանգության ոլորտում։ Եվ եթե Հայաստանն ուզում է փոխել իր անվտանգության ոլորտի  դաշնակցին՝ դա իր գործն է։ Ռուսաստանը դրանից չի տուժի»,-եզրափակեց Մոդեստ Կոլերովը։