Չպետք է միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին. Արցախցի պատգամավորը՝ Վիտալի Բալասանյանի մասին

Չպետք է միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին. Արցախցի պատգամավորը՝ Վիտալի Բալասանյանի մասին

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հունիսի 8-ին Սյունիքում մասնակցում էր «Հայաստան» դաշինքի հանրահավաքին, նա նաև հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, ինչը նշանակում է, որ նա ակտիվորեն ներգրավվում է Հայաստանի ներքաղաքական կյանքին: Եվ սա այն դեպքում, երբ նա ժամանակին հայտարարում էր, որ Հայաստանն իրավունք չունի խառնվելու անկախ Արցախի ներքաղաքական կյանքին: «Առաջին լրատվական»-ը Արցախի ԱԺ իշխող «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդոք Արցախում նորմա՞լ են գնահատում, որ Արցախի ԱԽ քարտուղարը մասնակցում է հայաստանյան քաղաքական գործընթացներին: «Մենք մեր դիրքորոշումն արդեն մի քանի անգամ տարբեր հարթակներում հնչեցրել ենք, որ Հայաստանի ներքաղաքական հարցերին մենք չենք միջամտելու: ՀՀ քաղաքացիներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը՝ ընտրությունների միջոցով: Ես էլ եմ լրատվամիջոցներում տեսել այդ կադրերը, բայց չեմ կարող ասել՝ ինքը քարոզարշավին մասնակցե՞լ է, թե ոչ, ինչ նպատակով է էնտեղ եղել, քարոզել է, թե ոչ և այլն: Գուցե իր անմիջական լիազորությունների կատարման հարցերով է եղել: Բայց իմ դիրքորոշումը հստակ է, ոչ մի արցախյան քաղաքական ուժ չպետք է խառնվի Հայաստանի ներքաղաքական հարցերին, առավել ևս ընտրությունների ընթացքում»,-ասաց Արթուր Հարությունյանը: Ինչ վերաբերում է նրան, որ Արցախի ԱԺ տարբեր պատգամավորներ աջակցում են Քոչարյանին, գալիս են, միանում են, մասնակցություն ունեն քարոզարշավին, ԱԺ իշխող խմբակցության ղեկավարն ասաց. «Ես կոնկրետ մեր քաղաքական ուժի տեղը կարող եմ պատասխանել, որ մեր պատգամավորներից ոչ մեկը քարոզարշավի գործընթացներին չի մասնակցել: Ես ուրիշների փոխարեն չեմ կարող պատասխանել, իմ կարծիքով, մենք պետք է թողնենք այդ գործընթացը ՀՀ քաղաքացիների ընտրությանը, ոչ թե ինչ-որ մեխանիզմներով, տարբեր գործիքակազմերով միջամտենք»: Հարցին, թե եթե պարզվի, որ Վիտալի Բալասանյանն անուղղակի աջակցում է Քոչարյանին, դա Արցախի իշխանությունների զայրույթը չի շարժի՞, ի՞նչ քայլեր կձեռնարկվեն, Հարությունյանը պատասխանեց. «Արցախի նախագահն էլ դրա մասին մի քանի անգամ խոսել է, որ պետք է չմիջամտել: Եթե պարզվի այլ բան, գնահատականներն այդ ժամանակ կտրվեն: Ես չեմ  կարող ասել՝ դա ինչ գնահատական է լինելու, բայց ամեն դեպքում մեր նախագահի դիրքորոշումն այդպիսին է»: Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երբ հնչում են փոխադարձ հայհոյանքներ, սպառնալիքներ, մեղադրանքներ, նա պատասխանեց. «Իհարկե, հետևում եմ գործընթացներին և կարծում եմ, որ կրքերը պետք է թուլացվեն: Ընտրական գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության ու օրենքների շրջանակներում»: