Մեր առավելությունը աշխարհի մյուս հավաքականների նկատմամբ․ Կապառոսի ֆենոմենը

Մեր առավելությունը աշխարհի մյուս հավաքականների նկատմամբ․ Կապառոսի ֆենոմենը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի Marca պարբերականին տված ծավալուն հարցազրույցը լայն արձագանք է գտել եվրոպական ֆուտբոլային հարթակում։ Մասնավորապես, իսպանացի մասնագետը բացել է որոշ փակագծեր մեր հավաքականի վերջին հաջողությունների վերաբերյալ։ Հաջողություններ, որոնք համաշխարհային ֆուտբոլում որակվեցին որպես ֆանտաստիկ՝ շոկային։ Խոսելով հաջողության գրավականի մասին, Կապառոսը ասել է. «Շնորհիվ մենթալիտետի և ֆուտբոլիստների համապատասխան տրամադրվածության` մեզ հաջողվում է իսկական ընտանիքի պես լինել։ Ես ասում էի մեր մարզիչներին, որ աշխարհի այլ հավաքականների նկատմամբ մենք ունենք առավելություն՝ հայրենասիրության զգացումը։ Բոլոր հավաքականները չեն, որ ունեն այդ զգացումը։ Դա պետք է մեր առավելություններից մեկը լիներ։ Գումարած դրան՝ թիմային մենթալիտետը, որը մեզ հավատով էր լցնում կատարվելիք աշխատանքի նկատմամբ և նպաստում այդ հավատի ու վստահության աստիճանական ուժեղացմանը»։ Փաստորեն, գլխավորելով մեր ազգային թիմը` Կապառոսը կարճ ժամանակում գտել է բանալին, որը ստիպում է պայքարել և հաղթել։ Մեր մարզչի այս դիտարկումը վկայում է, որ մարտունակ կոլեկտիվ կառուցվել է հայրենասիրության և նվիրվածության հիմքի վրա։ Տարիներ շարունակ Հայաստանի հավաքականը ձախողվում էր, որի հետևանքով գլխավոր մարզչից զատ թիրախավորվում էին նաև ֆուտբոլիստները։ Երկրպագուները ֆուտբոլիստներին մեղադրում էին անթասիբ լինելու մեջ։ Այդ նույն ֆուտբոլիստներն այսօր պատերազմում են խաղադաշտում անձնուրաց պայքար մղելով ամեն մի հատվածի համար։ Նույն ֆուտբոլիստներով այսօր հպարտանում ենք։ Պետք է ընդունենք, որ Հայաստանի հավաքականն այնուամենայիվ ունեցել է պոտենցիալ, որը օգտագործել չի հաջողվել։ Այո, եղել են հաջող ելույթներ, մասնավորապես Վարդան Մինասյանի և լուսահոգի Յան Պորտերֆիլիդի գլխավորությամբ։ Խոստովանենք սակայն, որ գրագետ և նման որակի ֆուտբոլ մերոնք չէին խաղացել ոչ մի մարզչի գլխավորությամբ։ Մինչև Կապառոսը, Հայաստանի հավաքականին 13 տարի շարունակ չէր հաջողվել հաղթել առանց թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի։ Այսինքն, նախկին մարզիչները խաղը կառուցել են թիմի առաջատարների միջոցով, որոնց բացակայության դեպքում ուղղակի ձախողվել ենք։ Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը բոլոր հաղթանակները տարել է առանց Մխիթարյանի։ Մեկ տարի առաջ դժվար էր հավատալ, որ առանց հավաքականի ավագի մերոնք կարող են հաղթել նույնիսկ կարգով ավելի ցածր մրցակիցների։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մերոնք Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ խայտառակ հանդիպում անցկացրին Լիխտենշտեյնի դեմ վճռորոշ մրցավեճում։ Կարճ ասած նախքան Կապառոսը ունեինք միանգամայն տարբեր երկու հավաքական․ հավաքական Մխիթարյանով և առանց Մխիթարյանի։ «Ազգային հավաքականը չի կարող կախվածության մեջ լինել մեկ կամ երկու ֆուտբոլիստից և ադապտացվել նրանց։ Այստեղ այն սկզբունքն է գործում, որի մասին խոսել ենք թիմի հետ ի սկզբանե՝ պետք է իսկական ֆուտբոլային թիմ լինենք և քաղենք առավելագույնը յուրաքանչյուր խաղացողից։ Մենք չենք կարող դաշտում նախաձեռնությանը տիրել, քանի որ չունենք համապատասխան որակի ֆուտբոլիստներ։ Սակայն մենք կարող ենք խաղալ ուղղահայաց ֆուտբոլ և պրեսինգի ենթարկել հակառակորդին։ Մեր խաղաոճը չի կարող պայմանավորված լինել առանձին ֆուտբոլիստներով։ Մեզ դաշտում իսկական թիմային ոգի և վարքագիծ է անհրաժեշտ։ Հանդիպումը 90 րոպե է տևում, և դրա ընթացքում կարող ես փոխել ռազմավարությունդ։ Ինքներս պետք է լավ իմանանք մեր ռազմավարությունն ու մոտեցումները, իսկ մարդիկ պետք է ճանաչեն մեզ մեր ինքնության շնորհիվ»,- նշել է Կապառոսը։ Հայրենասիրություն և համախմբվածություն։ Կապառոսի ներդրած այս երկու գործոնները Հայաստանի գլխավոր թիմում հեղափոխության շարժառիթ հանդիսացան։ Իսպանացի մասնագետը խաղադաշտում հավասարապես բաշխում է ազգային թիմի ողջ ներուժը։ Ինչ խոսք, հաջողության հիմքում նաև Կապառոսի մասնագիտական պրոֆեսիոնալ որակներ են, որոնց մասին նա համեստաբար լռում է։ Տակտիկական խելամիտ լուծումները հիացմունք են պատճառում թե երկրպագուներին, և թե մասնագետներին։ Ակնհայտ է սակայն, որ առանց նվիրվածության և համախմբվածության տակտիկական լուծումները ուղղակի չեն կարող արդյունք տալ։