Արցախի կարգավիճակի հարցը անխուսափելի օրակարգ. Ինչով է գալիս Լավրովը

Արցախի կարգավիճակի հարցը անխուսափելի օրակարգ. Ինչով է գալիս Լավրովը

Արցախի հարցում բանակցության վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: Օրեր առաջ՝ ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որը նախորդեց հայերի ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ որոշմանը: Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի առնչությամբ տարածվեց տեղեկություն, որ նրանք պայմանավորվել են համակարգված աշխատել Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, ինչպես նաև առաջիկայում հայտարարել արցախյան հարցում նոր նախաձեռնությունների մասին: Երբ խոսվում է Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցությունը վերականգնելու մասին, ապա բնականաբար առաջին հերթին առաջանում է հարց, թե որն է լինելու օօրակարգը: Բանն այն է, որ պատերազմն ու դրա հետևանքը հիմնավորապես փոխել է արցախյան հարցի բովանդակային բաղադրությունը, այն իմաստով, որ այլևս չկա Ադրբեջանի այսպես կոչված «կորցրած» տարածքների վերադարձի խնդիրը: Ըստ էության, ներկայումս կա մեկ խնդիր՝ Արցախի կարգավիճակի հարցը և այդ համատեքստում առնվազն նախկին ԼՂԻՄ սահմանների վերականգնումը և Լաչինի միջանցքի կարգավիճակի հստակեցումը: Այսինքն, սրանք հարցեր են, որոնք մեղմ ասած ձեռնտու չեն Ադրբեջանին և ըստ այդմ հասկանալի է, որ Բաքուն շարունակելու է անել առավելագույնը, որպեսզի չվերսկսվի բանակցային գործընթաց և չքննարկվի Արցախի կարգավիճակի հարցն ու պատերազմի հետևանքով կորցրած տարածքների՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի խնդիրը: Բաքուն այդ հարցում, սակայն կարող է համանախագահության աշխատանքի վերսկսմանը դիմադրել միայն ուժեղ աջակցության պարագայում: Ընդ որում, հազիվ թե միայն Թուրքիայի աջակցությունը այդ իմաստով համարվի ուժեղ, եթե Մինսկի խմբի երեք համանախագահները ունենան համաձայնություն Բաքվին այդ օրակարգով բանակցության բերելու հարցում: Այստեղ սակայն առաջանում է ՌԴ դիրքորոշման խնդիրը, ոչ միայն ռուս-թուրքական հարաբերության տրամաբանության ու մեխանիկայի, այլև ըստ էության կարգավիճակի հարցում արտահայտած մոտեցումների: Բանն այն է, որ նոյեմբերի 9-ից հետո Պուտինը հայտարարեց, որ այս՝ կարգավիճակի հարցը բաց է, բայց իրենք կարծում են, որ այն պետք է թողնել հետագայի համար, երբ ավելի կամրապնդվի խաղաղությունը և ավելի հարմար մթնոլորտ կլինի կարգավիճակի հարց քննարկելու համար: Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, ի տարբերություն Ռուսաստանի, բավականին բաց տեքստով խոսում են կարգավիճակի հարցի մասին, իսկ Ֆրանսիան, ինչպես հայտնի է՝ ԱԺ երկու պալատների մակարդակով անգամ ունի Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև: Թեև գործադիր իշխանությունը չի ընդունել այն, սակայն ԱԺ մակարդակն արդեն իսկ առաջին քայլն է: Այս պայմաններում ռեգիոն է գալիս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա գալիս է Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցության վերսկսման հարցին աջակցությա՞ն, թե՞ այն արգելափակելու օրակարգով: