ԱՄՆ-ի կողմից շատ մոտ ապագայում որոշակի շարժերի ականատեսը կարող ենք լինել

ԱՄՆ-ի կողմից շատ մոտ ապագայում որոշակի շարժերի ականատեսը կարող ենք լինել

Կալիֆորնիայում Դեմոկրատների համաժողովը բանաձև է քննարկելու, որով ԱՄՆ վարչակազմին կոչ կանի Բաքվից պահանջել հայ գերիների ազատ արձակումը, նաև պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ: Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշեց, որ նման բանաձևերը, բնականաբար, ընդամենը խորհրդատվական բնույթի փաստաթղթեր են, ընդամենը կոչ են իրենց մեջ պարունակում. «Իհարկե, չափազանց կարևոր է նման փաստաթղթերի ընդունումը և ընդհանրապես այդ թեման բարձրացնելը: Բայց զուտ իրավական տեսանկյունից դրանք առանձնապես որևէ գործընթացի չեն տանում: Դրանք ոչ թե իրավական, այլ քաղաքական ճնշման մեխանիզմներ են Ալիևի ռեժիմի նկատմամբ: Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ նման պրոցեսները քաղաքական առումով կարող են ճնշում հանդիսանալ Ալիևի վրա, որովհետև դրանք կարող են նաև նախադեպ լինել, որպեսզի նման քայլերի գնան նաև այլ նահանգները կամ թեկուզ ԱՄՆ Կոնգրեսը: Գիտեք, որ նմանատիպ բանաձևի նախագիծ նաև ԱՄՆ Կոնգրեսում կա: Այո, այս պրոցեսն իր մեջ պարտադրանքի որևէ տարր չի կարող պրունակել, բայց որպես քաղաքական նախադեպ չափազանց կարևոր է»,-ասաց նա: Սուրեն Սարգսյանն անդրադարձավ նաև Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավար Սքոթ Բերյերի հայտարարությանը, ով նշել էր, որ Ռուսաստանը դադարեցրեց ղարաբաղյան պատերազմը, բայց և ընդարձակեց սեփական ռազմական ու տնտեսական ազդեցությունը Հարավային Կովկասում: Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան հիմա ստիպված է վերանայել իր ռազմավարությունը նախկին Խորհրդային Միության տարածքում` հաշվի առնելով այդ տարածաշրջանում իրենց ազդեցությունն ընդարձակելու Չինաստանի, Թուրքիայի և Արևմուտքի ջանքերը։ Սուրեն Սարգսյանը բնական է համարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցություն, որը երևում է տարբեր հարթություններում. «Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ թե Ռուսաստանի, թե այլ պետությունների դերն ու նշանակությունն այս պատերազմում մշտապես քննարկվել է և կան դրա ամենատարբեր դիտանկյունները: Կարծում եմ՝ նաև ակնհայտ է, որ Ռուսաստանի մոտեցումը չպետք է կիսեին ԱՄՆ-ում և հակառակը: Պետք է հաշվի առնենք, որ սրանք մրցակից պետություններ են և բավականին լուրջ մրցակցում են ամբողջ աշխարհում, այդ թվում մեր տարածաշրջանում, մասնավորապես, ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, որը հայտարարել է, որ առավել ակտիվ է լինելու արտաքին քաղաքականության ոլորտում: Այնպես որ այսպիսի հայտարարությունները պետք է մեզ համար արդեն սովորական լինեն, ընկալելի լինեն և առաջին հերթին դիտարկվեն հենց այս գլոբալ մրցակցության տրամաբանության ներքո»: Միջազգայնագետի խոսքով, բոլորի համար էլ պարզ է, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում հիմնական խաղացողն է, և այդ այդ հիմնական խաղացողին մարտահրավեր է նետում Թուրքիան. «Բոլորի համար ակնհայտ է, որ պատերազմի արդյունքում ռուս խաղաղապահների հայտնվելը առավել ազդեցիկ է դարձրել ՌԴ դերը ոչ միայն Հայաստանի, այլ նաև նույն Ադրբեջանի համար: Այս առումով որևէ կասկած չկա, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում դեռևս շարունակում է մնալ ամենաազդեցիկ գործոնը: Ես համարում եմ, որ սա պատերազմի արդյունքում ձևավորված իրողություն է և այս իրողությունից պետք չէ խորշել»: Սուրեն Սարգսյանը կանխատեսեց, որ ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում ակտիվանալու է, որովհետև ակտիվանալու է ամբողջ աշխարհում. «Միաժամանակ ակտիվանալու են նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամ: Այնպես որ պետք է սպասենք նոր քայլերի, նոր նախաձեռնությունների, նոր ակտիվ ձեռնարկների, նոր գործընթացների ամերիկյան ներգրավվածությամբ: Ես կարծում եմ, որ շատ մոտ ապագայում որոշակի շարժերի ականատեսը կարող ենք լինել»: