Tesla-ն կրկին հերքել է Չինաստանում լրտեսելու նպատակով մեքենաներն օգտագործելու մասին մեղադրանքները

Tesla-ն կրկին հերքել է Չինաստանում լրտեսելու նպատակով մեքենաներն օգտագործելու մասին մեղադրանքները

Tesla ընկերության կողմից արտադրվող ավտոմեքենաներում տեսախցիկները Հյուսիսային Ամերիկայից դուրս ակտիվացված չեն: Այս մասին ավտոարտադրող ընկերությունը հայտնել է չինական սոցիալական ցանցի էջում՝ պատասխանելով աշխարհի ամենամեծ ավտոշուկայից հնչող մտահոգություններին: Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ Tesla-ն քննադատության է ենթարկվում Չինաստանում, որտեղ զինվորականները մարտին արգելել էին իրենց համալիրներ ընկերության մեքենաների մուտքը՝  ասելով, թե կան մտահոգություններ դրանցում գտնվող տեսախցիկների հետ կապված: Ընկերությունը Weibo սոցիալական ցանցում հայտնել է, որ անգամ ԱՄՆ-ում մեքենայի սեփականատերերը կարող են ընտրել, թե երբ միացնեն կամ անջատեն տեսախցիկները: Ավելի վաղ ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ևս հայտարարություն էր արել՝ հերքելով չինական կողմից եկող հայտարարությունները: Նա հայտնել էր, որ իրենց համար կարևոր է հաճախորդների անձնական տեղեկատվության գաղտնիությունը: «Եթե Tesla-ն օգտագործեր մեքենաները Չինաստանում կամ այլուր լրտեսության համար, ապա այն պարզապես կփակվեր»,- ասել էր նա: