Եթե անցկացվեն արդար ընտրություններ, շատ դժվար է լինելու և Փաշինյանի, և Քոչարյանի համար

Դե ինչ, կարծես ներքաղաքական քարտեզն ուրվագծվում է։ «Նախկին-գործող» ձևաչափո՞վ ենք հետևելու ընտրապայքարին․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Ես չէի շտապի եզրակացություններով, և մի քանի գործընկերների հետ քննարկելով այդ թեման, հիշեցնում էի 1996 թվականը, երբ մինչև ընտրությունները Լևոն Տեր-Պետրոսյանն իրական սոցիոլոգիական հարցումներով ուներ 70-75 տոկոս աջակցություն, բայց մի քանի շաբաթների ընթացքում իրավիճակը փոխվեց, և ընդդիմության մի քանի ուժերի միավորման շնորհիվ Վազգեն Մանուկյանը ստացավ «ձեռնոց նետելու» իրական շանսեր։ Նաև հիշեցնում էի 2013 թվականը, երբ Սերժ Սարգսյանի ամենահավանական մրցակիցները՝ Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյան, Գագիկ Ծառուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան, իրար հետևից դուրս եկան պայքարից, և թվում էր, որ Սերժ Սարգսյանն այլևս խնդիր չունի ընտրվելու։ Այդ ժամանակ հայտնվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, որը շատ կարճ ժամանակում հավաքեց շատ լուրջ աջակցություն՝ պաշտոնական տվյալներով՝ կես միլիոն։ Այսինքն՝ դա խոսում է այն մասին, որ կանխատեսումներ անելով՝ շտապել պետք չի, նամանավանդ՝ ընտրությունները դեռ պաշտոնապես հայտարարված չեն»։ Իսկ իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ ասաց․ «Այսօր հրապարակում առկա քաղաքական ուժերը՝ իշխանությունը և ընդդիմության անվան տակ հանդես եկող ուժերը, ամբողջությամբ չեն ներկայացնում Հայաստանի քաղաքական ներկապնակը։ Հայաստանում կան քաղաքական ծանրակշիռ ուժեր, որոնք դեռ իրենց խոսքը չեն ասել ու չեն կարող անմասն մնալ այս ամեն ինչից, որովհետև նրանք մտահոգ են և կան, ու չի կարելի աչք փակել ու տեսնել միայն Քոչարյան ու Քոչարյանին սատարող ուժեր, և Փաշինյան ու Փաշինյանի «Իմ քայլը»։ Ես պետք է համաձայնեմ, որ «Իմ քայլի» համար լավագույն մրցակիցը հներն են, որովհետև նրանց համար դա սովորական թեմա է։ Այդ դեպքում, «Իմ քայլը» խնդիր անգամ կարող է չունենալ»։   Մանրամասները՝ տեսանյութում։