Ունենալու ենք գնաճից բարձր ազգային արժույթի արժեզրկում. մինչև տարեվերջ ազգային արժույթը կարժեզրկվի մինչև 10 տոկոս

Ունենալու ենք գնաճից բարձր ազգային արժույթի արժեզրկում. մինչև տարեվերջ ազգային արժույթը կարժեզրկվի մինչև 10 տոկոս

Հայաստանում դոլարի փոխարժեքը հատեց 535-ի սահմանը։ Տևական ժամանակ է՝ դոլարի արժևորումը շարունակվում է, և կարծես արժեզրկման վերաբերյալ կանխատեսումներ չկան։ Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դոլարի արժևորումը մոտ 1 տարի է տևում և, իրականում, արդեն լուրջ հետևանքներ է ունեցել գնաճի տեսքով, արտահանման ու ներմուծման վրա է ունեցել իր հետևանքները և շարունակում է ունենալ։ Ավելին՝ գործընթացը՝ դրամի արժեզրկումը կշարունակի օբյեկտիվորեն, քանի որ դրան նպաստող գործոնները կան, ՀՆԱ-ն դեռ շարունակում է անկում արձանագրել, արտահանումը կրճատվում, դրամական փոխանցումները արտասահմանից նվազում են, և այս բոլորի ֆոնին բավականին փոխվել է սպառողների վարքագիծը։ Սպառողները ընտրում են ավելի կայուն արժույթ, որը բնական է և տրամաբանական։ Երբ ազգային արժույթը սկսում է արժեզրկվել և բարձր տատանումներ ունենալ, նման պարագայում և՛ ֆիզիկական անձինք, և՛ իրավաբանական անձինք իրենց խնայողությունները ձգտում են թեկուզ կարճաժամկետում պահել ավելի կայուն արժույթով։ «Սա էլ հոգեբանական գործոնն է, բացասական սպասումներով վարքագծի փոփոխություն, որը շուկայում բերել և բերելու է արտարժույթի նկատմամբ լրացուցիչ պահանջարկ և ազգային արժույթի լրացուցիչ առաջարկ։ Նման պարագայում Կենտրոնական բանկը կիրառել և կիրառում է գործիքակազմ։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը աննախադեպ բարձրացավ 2020 թվականի վերջում։ Իրականացվում են նաև ինտերվենցիաներ՝ արտարժույթ է վաճառվում շուկայում։ Բայց նաև ակնհայտ է, որ այդ կարճաժամկետ գործիքներով ազգային արժույթի շուկայի տատանումները չես վերացնի, որովհետև ես արդեն նշեցի մի շարք գործոններ, որոնք ԿԲ-ի տիրույթից դուրս են և ավելի շատ երկարաժամկետ գործոններ են։ Այդ բացասական տնտեսական միտումները կան»,- ասաց տնտեսագետը։ Մեր զրուցակցի խոսքերով՝ նման պարագայում կարելի է կանխատեսել, որ, քաղաքական գործոնով պայմանավորած՝ մեծ արժեզրկում մինչև ընտրությունները չի լինի, բայց ընտրություններից հետո արդեն դրամի արժեզրկման գործընթացը կշարունակվի։ «Կենտրոնական բանկը քաղաքական պատվերի շրջանակներում կմիջամտի խիստ կոշտ, բայց ակնհայտ է, որ դա ավելի վատացնելու է վիճակը։ Իրականում երկրում տեղի ունեցող գնաճային ճնշումները դրանից հետո բերելու են դրամի էլ ավելի արժեզրկման։ Այսինքն՝ մենք ունենալու ենք գնաճից բարձր ազգային արժույթի արժեզրկում։ Իսկ այս պահին մենք արդեն 3 ամսվա կտրվածքով ունենք 3.8 տոկոս գնաճ։ Եթե նման իրավիճակը շարունակվի, այս սցենարը շարունակվի, ապա կարող ենք հաշվարկել, որ այս պահից սկսած, մինչև տարվա վերջ կունենանք ազգային արժույթի մինչև 10 տոկոս արժեզրկում։ Բայց կրկնում եմ, ոչ այս փուլում։ Այս փուլում ես կանխատեսում եմ, որ քաղաքական պատվերի շրջանակներում ԿԲ-ն շուտով ընտրություններին ընդառաջ կկայունացնի իրավիճակը և կկանխի ազգային արժույթի արժեզրկման գործընթացը։ Իսկ ընտրություններից հետո սպասելի է, որ ազգային արժույթի արժեզրկումը կշարունակվի։ Նման իրատեսական ռիսկեր կան, քանի որ, կրկնում եմ, ազգային արժույթի արժեզրկման երկարաժամկետ գործոնները հիմնականում պահպանվում են»,- ասաց Ավետիսյանը։ Տնտեսագետի խոսքերով՝ Կենտրոնական բանկի հնարավորությունները անսահմանափակ չեն։ Ներկայումս դոլարը վաճառվում է պետական ռեզերվներից, որպեսզի փոխարժեքը պահվի, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքն էլ մաքսիմում բարձրացվել է։ Էլ ավելի բարձրացնել՝ նշանակում է հակառակ ազդեցություն արդեն տնտեսական ակտիվության վրա։ Իսկ տնտեսական ակտիվության ապախթանումը բերելու է նորից ազգային արժույթի արժեզրկման ճնշումների։ «Ինչքան հնարավորություն կար, արդեն իսկ կիրառվել է վերջին շրջանում։ Բայց ամեն ինչ արվելու է մինչև ընտրություններ վիճակը մեղմելու համար։ Հակառակ պարագայում կունենանք էլ ավելի բարձր գնաճ և տնտեսական անկում։ Բայց ինչքան էլ ջերմությունը իջեցնես խոր թոքաբորբ տանող հիվանդին, միևնույն է, նորից ջերմությունը բարձրանալու է։ Հետևաբար` քանի դեռ լուծված չեն արժույթի փոխարժեք ձևավորող հիմնական գործոնները, չունենք կայունություն և բարելավման միտում, մենք անընդհատ ունենալու ենք արժույթի, փոխարժեքի ճնշում»,- եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։