Վազգեն Մանուկյանը հին աճպարար է. Ալեն Սիմոնյան

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա գործողությունները, որոնք ուղղորդվում էին ընդդիմության տարբեր թևերի կողմից, դրանք կարող էին ավելի կոշտ արձագանք ստանալ, ԱԺ նախագահի կյանքին վտանգ չսպառնար, Կառավարության շենքում աշխատակիցների նկատմամբ բռնություն տեղի չունենար, չգիտես թե ինչու որևէ մեկը չի խոսում առկա բռնության մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ Անդրադառնալով ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը՝ եթե իշխանությունը «պլանկան» բարձրացնեն, մենք էլ կբարձրացնենք, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Վազգեն Մանուկյանը հին աճպարար է: Իշխանությունը որևէ պլանկա բարձրացնելու խնդիր չունի: Իշխանությունն իշխանություն է, որտեղ կան ոստիկանություն, ԱԱԾ, ներքին զորքեր: Այսինքն՝ մենք իրենց հետ ինչպե՞ս պետք է պլանկա բարձրացնենք: Մե՞նք էլ պետք է դուրս գանք հրապարակներ, բռնության կոչեր ու անպատասխանատու հայտարարություններ անենք: Կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանը իր քաղաքական կարիերան ևս մեկ անգամ ավարտել է, ուղղակի իրեն չեն ասում, որ իր տրամադրությունը չփչանա»,- նշեց Սիմոնյանը: