30 տարի է՝ դոփում ենք նույն ճահճում, ռուս-թուրքական մահացու փակուղուց պետք է դուրս գանք

30 տարի է՝ դոփում ենք նույն ճահճում, ռուս-թուրքական մահացու փակուղուց պետք է դուրս գանք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։ - Պարոն Ավետիսյան, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ մարտի 16-ից գործընթաց եք սկսում, և որ դա նոր ազգային-ազատագրական պայքար է լինելու։ Ինչո՞ւ հենց մարտի 16-ից, ի՞նչ գործողություններ սպասենք։ - Մարտի 16-ը Մոսկվայի պայմանագրի ստորագրման օրն է, հենց այդ պայմանագրով Ռուսաստանն ու Թուրքիան արձանագրեցին Հայաստանի բռնակցումն ու նրա ինքնիշխանության զրոյացումը։ Այդ պատճառով ռուս-թուրքական փակուղուց դուրս գալու, ապագաղութացվելու, ազատագրվելու գործընթաց պետք է սկսենք։ Նաև՝ մեր ինքնիշխանությունը պետք է իրական բովանդակությամբ լցնենք ու առհասարակ Հայաստանի Հանրապետությունը առաջին հանրապետության իրավաչափության հիման վրա պետք է վերակերտենք։ Սա քաղաքական գործընթաց է ու իհարկե մեկ օրվա գործողությամբ չի ավարտվելու, կշարունակվի այնքան, մինչև հասնենք նշածս  նպատակների իրագործմանը։ - Պայքարն ի՞նչ տեսակի է լինելու, նախատեսո՞ւմ եք փողոցային հանրահավաքներ։ - Անհրաժեշտության դեպքում կիրականացվի նաև փողոցային պայքար՝ ըստ իրավիճակի։ Բոլոր հանգամանքների հաշվարկմամբ կիրականացնենք մեր քայլերը։ Դեռ մեկ ամիս ժամանակ կա, չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ գործողություններ կլինեն, ինչպես ժողովուրդը կարձագանքի, ինչ փուլերով կարձագանքի։ - Ի՞նչ եք կարծում՝ ժողովրդի մեջ կա՞ ռուս-թուրքական լծից ազատվելու ցանկություն, թե՞ հատկապես նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրից հետո այլ տրամադրություններ են։ - Քաղաքականապես գիտակից  շրջանակներում այդ գիտակցությունը կա, և այդ շրջանակը հետզհետե ընդլայնվում է։ Մեր խնդիրներից  մեկն էլ այն է, որ պետք է կրիտիկական նիշի հասցվի այդպիսի գիտակցումը ու այդպիսի գիտակցություն ունեցող շրջանակը, որպեսզի մեզանում վերջապես փոփոխություն տեղի ունենա, ու մենք կարողանանք դուրս գալ ռուս-թուրքական մահացու փակուղուց։ Աշխատանք է, որ պետք է իրականացվի։ - Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը։ Մենք մինչ այժմ տեսել ենք, թե ինչպես են Մոսկվայում արձագանքում իրենց շահերին հակասող գործողություններին, և հատկապես պատերազմից հետո իրենց դիրքերն էլ ավելի են ամրապնդվել այստեղ։ - Դուք լավ հիշեցրիք. այդ խայտառակ դավաճանական հայտարարությունը Լենին-Աթաթուրք պայմանագրի շարունակությունն է՝ նորովի վերաթարմացված։ Իսկ արձագանքի մասին երևի պատասխանեմ նույն ռուսական ասացվածքով՝ եթե գայլերից վախենաս, պետք է անտառ չգնաս։ - Հնարավոր համարո՞ւմ եք ինչ-որ փուլում փողոցում իշխանությունների դեմ պայքարող 17 ուժերի հետ համագործակցությունը։ - Նախևառաջ կա օրակարգի խնդիր, և հետո՝ որոշակի անձանց ու շրջանակների խնդիր։ Մեր նպատակը Հայաստանը վերակերտելն է, իսկ իրենց նպատակը՝ ընդամենը Նիկոլ Փաշինյանին իրենց թիմով փոխարինելը։ Բացարձակապես տարբեր տրամաչափերի օրակարգեր են։ Մենք 30 տարի է՝ դոփում ենք իշխանափոխության ճահճում։ Ընդ որում՝ ամեն հաջորդը նախորդներից ավելի վատն է լինում։ Դրա համար պետք է ազգային օրակարգի շրջանակներում գործենք, եթե համագործակցենք՝ հենց այդ շրջանակներում, այսինքն՝ առաջին հանրապետության իրավահաջորդությամբ Հայաստանի Հանրապետության վերակերտմամբ։ Այնտեղ կան մարդիկ, շրջանակներ, որոնց հետ որևէ ձևով որևէ համագործակցություն չենք պատկերացնում։ Պարոն Սեֆիլյանն էլ իր հարցազրույցներում նշել է, որ եթե այդ մարդկանց մեջ փոքր-ինչ մարդկություն մնացել է, ապա իրենք պետք է մի կողմ դնեն իրենց բոլոր նկրտումները, ու եթե իսկապես ուզում են այս աղետից դուրս գալու գործընթացներին օգտակար լինել, ապա պետք է մի կողմ դնեն իրենց անձնական ամբիցիաները ու միայն օգնողի դերում լինեն։ Ակնհայտ է, որ իրենք գալիս են կեղեքումը շարունակելու, ընդ որում՝ ազգային շահը գերադասելով Հայաստանի շահերին, մեր շահերի հաշվին Ռուսաստանի շահերը սպասարկելու։ Եթե այդպես է՝ էլ ինչ համագործակցություն։ Բայց այնտեղ կան շրջանակներ ու անձինք, որոնք եթե դուրս գան այդ փոքր տրամաչափի կեղծ, աղետն ավելի շատ խորացնող օրակարգից ու մտնեն պետություն ստեղծելու օրակարգի մեջ՝ հավանական ենք համարում իրենց հետ համագործակցությունը։ Այդ խմբավորումը շատ բազմազան է, պետք է տարբերակված մոտեցում լինի։