Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 կոծկած քննիչներն ու դատախազները չեն կարող Վազգեն Մանուկյանի գործը քննել ու բացահայտել

Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 կոծկած քննիչներն ու դատախազները չեն կարող Վազգեն Մանուկյանի գործը քննել ու բացահայտել

ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել շաբաթ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում «Հանրային փրկության ճակատի» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ: Գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հատկանիշներով և ուղարկվել Քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն իրականացնելու նպատակով։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Մանուկյանի հայտարարությունների այն հատվածին, որոնք կայծակնային արագությամբ ապստամբելու և իշխանությունը վերցնելու մասին են: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, սակայն, չի հավատում, որ այս գործով պատշաճ քննություն կգնա, ու Վազգեն Մանուկյանը կենթարկվի պատասխանատվության․ «Ես վստահ չեմ, որ նորմալ քննություն կգնա, որովհետև ես միշտ ասել եմ, որ ամբողջ կուժն ու կուլան կոտրվում է դատական համակարգի վրա, բայց մինչև դատական համակարգին հասնելը այդ բոլոր գործերը անցնում են նախաքննություն և դատախազական վերահսկողություն, և հենց այդ օղակներում այդ բոլոր գործերը հնարավոր է լինում բարեհաջող հասցնել մի կետի, որ այդ գործով անցնող մեղադրյալին պատասխանատվության հասցնելու որևէ եղանակ այլևս չի մնում։ Իսկ այն, որ Վազգեն Մանուկյանի նկատմամբ արդեն իսկ պետք է քրեական գործ հարուցված լիներ՝ նախկինում իր բազմաթիվ հայտարարությունների հետ կապված, դա ակնհայտ է»,- ասաց Կարապետյանցը։ Մեր զրուցակցի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Վահան Բադասյանի կողմից արված մի անզգույշ, բայց իր բովանդակությամբ անընդունելի հայտարարությունից հետո վերջինս կալանավորվեց, բայց Վազգեն Մանուկյանն արդեն ամիսներ շարունակ խոսում է հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը վերցնելու մասին և որևէ իրավական հետևանք այդ հայտարարություններին դեռևս տրված չէ։ «Եվ Վազգեն Մանուկյանը միայնակ չէ։ 16 կուսակցություններ են, որոնց մի մասը կոալիցիայի մեջ է եղել թե՛ Հոկտեմբերի 27-ի գործով, թե՛ Մարտի 1-ի գործով։ Այդ միավորման մեջ են մարդիկ, որոնք սովոր են նման գործողություններ կատարելու և անպատիժ մնալու։ Նրանք նման մեծ փորձ ունեն, և դա բերելու է հաջորդիվ ավելի ծանր ու ավելի ցինիկ գործողությունների։ Դա շատ հավանական է։ Ցավոք, նման գործողություններ կանխելու ուղղությամբ ներկայումս որևէ քայլ չի արվում, քանի որ այդ համակարգում այն նույն քննիչներն ու դատախազներն են, որոնք Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 են կոծկել։ Այս մարդիկ ինչո՞ւ պետք է շահագրգռված լինեն որևէ գործողություն բացահայտել։ Իրենց միակ նպատակը եղել է հեղափոխության տապալումը։ Եվ իրենք հեղափոխության տապալումը տանելու են հենց այդ ճանապարհով»,- ասաց Կարապետյանցը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս կարծում է, որ նման հայտարարություններին պետք է իրավական գնահատական տալ, բայց, միևնույն ժամանակ, քրեական գործի հարուցման ու քննության համար շատ-շատ փաստեր են պետք։ «Խնդիրը հետևյալն է, որ ընդհանրապես բռնության միջոցով քաղաքական խնդիրներ լուծել չի կարելի։ Սա պարզ է, և մեկընդմիշտ դրան պետք է վերջ տրվի։ Թե որքանով են լուրջ այդ կոչերը, չգիտեմ։ Մեկ բան է նման հայտարարություն անելը, այլ բան՝ քրեական գործի համար հիմքեր հավաքելը։ Շատ-շատ փաստեր պետք է ի մի բերվեն նման քրեական գործի համար։ Բայց բոլոր դեպքերում պետք է ձեռնպահ մնալ նոյեմբերի 9-10-ի գործողություններից»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ տարակուսելի է նաև այս դատաիրավական համակարգում նման գործերի քննությունը։ Լուսանկարը՝ Armeniasputnik-ի