Մոսկվան շտապում է․ լուրջ տնային աշխատանք ունենք կատարելու

Հայաստանի հանրությունը թեթև շունչ քաշելու հնարավորություն ստացավ, քանի որ կանխատեսումներն ավելի վատն էին, քան այն արդյունքը, որ ունեցանք: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը: «Ես մտավախություն ունեի, որ Ալիևը Արցախը Հայաստանից մեկուսացնելու վերաբերյալ տարբեր հարցեր կբարձրացնի, բայց ամեն ինչից երևում էր, որ հանդիպման օրակարգը ձևավորվել էր Մոսկվայում, և Մոսկվան էր հավասարակշռել երկու կողմից էլ սուր պահերը: Այն հարցը, որ հանդիպման ընթացքում շոշափվեց, ավելի շատ Ադրբեջանի օգտին էր, քան թե Հայաստանի: Մենք դեռ որոշ ժամանակ կլինենք պարտության իներցիայի ազդեցության տակ, և Ադրբեջանը կկարողանա ներկայացնել իրեն ձեռնտու հարցերը: Ադրբեջանին ձեռնտու է Հայաստանի հարավով անցնող ճանապարհի բացվելը»,- նշեց Նավասարդյանը: Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակման արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի շահերին, Նավասարդյանի կարծիքով, ավելի բարդ հարցեր են: «Լրացուցիչ պետք է քննարկվեն ներդրումների մասին հարցերը: ՀՀ իշխանությունները պետք է հաշվարկներ իրականացնեն: Եվ ամենաբարդ հարցը, որ դրվելու է եռակողմ նորաստեղծ հանձանաժողովի առաջ, ճանապարհի անվտանգության ապահովումն է: Լուրջ տնային աշխատանք կա կատարելու»,- նշեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով դիտարկմանը, որ կա տեսակետ, թե Մոսկվան շտապում է՝ Նավասարդյանը նշեց, որ դա ակնհայտ է. «Եթե չշտապեր, այդպիսի լարվածություն առաջացնելով՝  չէր կազմակերպի հունվարի 11-ի հանդիպումը: Շտապելու պատճառները նույնպես ակնհայտ են. Մոսկվան փորձում է ամրագրել կոնֆլիկտ լուծողի իր կարգավիճակը և վարկանիշը, մանավանդ որ վաղ թե ուշ ավարտվելու է մեր երկրում ստեղծված այն անորոշությունը, որ առկա էր վերջին ամիսներին՝ կապված համավարակի հետ, նաև կապված ԱՄՆ նախագահի ընտրությունների հետ: Ի տարբերություն շատերի, ես չեմ ակնկալում, որ ԱՄՆ նոր վարչակազմը ակտիվորեն կներգրավվի այս խնդրում: Բայդենին անհրաժեշտ են արագ հաջողություններ, իսկ Արցախի հարցն այդպիսիներից չէ»:   Մանրամասն՝ տեսանյութում: