Պետք է փրկել Մինսկի խումբը․ փրկությունը պետք է գա ԱՄՆ-ից ու հիմնականում մեր ներսից

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպման, արցախյան խնդրի և տարածաշրջանային զարգացումների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանն իրենց դիտարկումները ներկայացրին պատմաբաններ Զոհրաբ Գևորգյանը, Դավիթ Թինոյանը և «Արդար Հայաստան» նախաձեռնության անդամ, պատմաբան Դավիթ Կարապետյանը: Դավիթ Թինոյանի խոսքով՝ մոսկովյան եռակողմ հանդիպումը կարևոր իրադարձություն է, և բնական է, որ հայաստանյան օրակարգային հիմնական քննարկվող թեման հենց այդ հանդիպումն է: Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանն իր վերահսկողությունն ուժեղացնում է Ադրբեջանի վրա, Թինոյանը նշեց. «Վերջին շրջանում տեղեկատվություն տարածվեց, որ Թուրքիան ռազմաբազաներ է տեղակայելու Ադրբեջանում: Այն, որ Ռուսաստանը որոշակի լծակներ ունի Ադրբեջանի վրա, դա ակնհայտ փաստ է, բայց այդ լծակները իրենց ունեցած ազդեցությամբ զիջում են թուրքական լծակներին: Միանշանակ Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի ազդեցության համեմատ ավելի փոքր է»: Զոհրաբ Գևորգյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի վրա ռուսական ազդեցությունն ավելի շատ մշակութային է և տնտեսական, քան թե քաղաքական: «Եթե Ռուսաստանի քաղաքական ազդեցությունն Ադրբեջանի վրա մեծանա, դա Ալիևի համար կդառնա վտանգ. Ալիևը փորձում է հավասարակշություն պահպանելով մանևրել Ռուսաստանի և Թուրքիայի միջև»,- նշեց Գևորգյանը: Դավիթ Կարապետյանի խոսքով՝ մոսկովյան հանդիպումից հայկական կողմի ակնկալիքները չարդարացան. «Արձանագրում ենք փաստ, որ ռազմագերիների հարցը մի կողմ է դրվում և կարևորվում է կոմունիկացիաների, միջանցքների հետ կապված հարցը»: Անդրադառնալով հարցին, թե ինչ կարելի է ակնկալել Մինսկի խմբից, Զոհրաբ Գևորգյանը նշեց. «Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայքար է գնում Ադրբեջանի համար… Այս գործընթացներից Մինսկի խմբին դուրս թողնելը գլխավոր ժամանակավոր խնդիր է և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի համար: Ռուսաստանը գերիների և անհետ կործաների մարդասիրական հարցը թողած՝ քննարկում է կոմունիկացիաների խնդիրը: Եվ Ալիևը մեջբերում է Պուտինի խոսքը. «Ղարաբաղյան խնդիր այլևս չկա», և դա այնպես չէ, որ միամիտ է ասված: Ռուսաստանը այս տարածաշրջանում որոշիչ գործոն է, և եթե գերիների հարցը չի լուծվում, ապա կա՛մ Ռուսաստանը չի ցանկանում լուծել այդ հարցը և այն դարձնում է առևտրի առարկա, կա՛մ եթե չի կարող լուծել, սա էլ ապացուցում է, որ նրա ազդեցությունը մեծ չէ և նա նույնիսկ տարածաշրջանային գերտերություն չէ: Հարց է առաջանում, թե ինչու տարիներ առաջ ամեն ինչ արվեց Հայաստան-Իրան տնտեսական կապերը չեզոքացնելու ուղղությամբ: Կարծում եմ այս ամենը վաղուց պլանավորված է եղել: Մտավախություն կա, որ դեռ խնդիրներ ջրի երես դուրս կգան»: Դավիթ Կարապետյանը հավելեց, որ Մինսկի խմբի արձագանքն ուշանում է: «Տպավորություն կա, որ Մինսկի խմբի համանախագահները դեռ պատրաստ չեն և չունեն համատեղ հայտարարության տեքստ: Բոլորը սպասում են հետագա զարգացումներին»: Դավիթ Թինոյանն ընդգծեց, որ պետք է քայլեր ձեռնարկել Մինսկի խմբի ձևաչափի վերականգնման ուղղությամբ: «Մինսկի խմբի ակտիվացումը Հայաստանի շահերից է բխում: Ֆրանսիան և ԱՄՆ-ը շահագրգռված են այդ ինստիտուտի պահպանմամբ»,- նշեց Թինոյանը՝ հավելելով, որ դա մեզ համար կարող է հանդիսանալ փրկօղակ՝ դիմագրավելու առկա մարտահրավերներին: Զոհրաբ Գևորգյանը հավելեց, որ Մինսկի խումբը պետք է փրկել, և փրկությունը պետք է գա Արևմուտքից ու հիմնականում մեր ներսից. «Կարծում եմ՝ հիմնական ուղերձները պետք է գան ԱՄՆ-ից»: Մանրամասն՝ տեսանյութում: