Սփյուռքը պետք է ոտքի կանգնի և բարձրացնի ռազմագերիների հարցը միջազգային կառույցներում

Միլանում դատարանը Իտալիայի խորհրդարանի նախկին պատգամավոր և ԵԽԽՎ նախկին անդամ Լուկա Վոլոնտեն կոռուպցիայի համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ-ի զեկույցի ընդունումը արգելափակելու նպատակով ադրբեջանցի երկու քաղաքական գործչից կես միլիոն եվրո ստանալու համար: Միջազգային իրավունքի, արդարության, նավթադոլարների և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Թուֆենկյան» հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի հետ: Այնքան, որքան Թուրքիան և Ադրբեջանը ոտնահարեցին միջազգային իրավունքի նորմերը և հեղինակազրկեցին միջազգային կառույցները, երևի թե որևէ այլ երկիր չի արել: Ստացվում է, որ գեղեցիկ փաթեթավորված խոսքերը, իրավունքները, ազատությունները առ ոչինչ են, եթե չունես զենք և չունես փող: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Րաֆֆի Դուդակլյանը նկատեց, որ այս ամենը հշեցնում է Խրիմյան Հայրիկի՝ Բեռլինյան վեհաժողովին մասնակցելու և թղթե շերեփի մասին պատմությունը. «Թղթե շերեփով ոչինչ չեն ստանում, իսկ ովքեր ունեն երկաթե շերեփ՝ ուժեղ են, զորավոր են, նրանք շատ բան են ստանում: Հաճախ միջպետական հարաբերություններում շատ ենք վստահում գեղեցիկ շարադրված իրավունք և օրենք ասվածներին, բայց ի վերջո ուժն է դեր խաղացել և՛ անցյալում, և՛ հիմա. ուժ ունենք, ունենք նաև իրավունք, ուժ չունենք, ընկնում ենք ոտնատակ»: Սփյուռքն օգտագործեց հանրային դիվանագիտության բոլոր լծակները և խողովակները, որպեսզի կարողանա հայերի հարցը բարձրաձայնել: Այս առումով ի՞նչ անելիք ունի այժմ Սփյուռքը՝ հաշվի առնելով, որ առաջիկայում ընթանալու է լոբբիների պատերազմ, իսկ դա նշանակում է նաև, որ անհրաժեշտ են գումարներ: Այս հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցը նշեց, որ Սփյուռքի ներուժը մեծ է, թե որքանով է օգտագործվել այդ ներուժը, պետք է ուսումնասիրել, բայց այն, որ Սփյուռքում ունենք և՛ ազդեցիկ դեմքեր, և՛ փող, և առաջադեմ լրատվամիջոցներում աշխատողներ, ունենք գրասենյակներ, ունենք զանգվածներ, դա փաստ է, խնդիրն այն է, թե նրանց ներուժն ինչպես պետք է օգտագործենք: «Կարևոր է սահմանել առաջնահերթությունները: Օրինակ՝ Սփյուռքը Ցեղասպանության ճանաչման ուղությամբ մեծ աշխտանք է իրականացրել և մեծ գումարներ է ներդրել, բայց արդյոք ի՞նչ է արել Հայաստանը զինելու, Ադրբեջանի նավթադոլարների դեմ պայքարելու ուղղությամբ»,- նշեց Դուդակլյանը: Նա նաև ընդգծեց, որ այժմ Սփյուռքը պետք է ոտքի կանգնի և բարձրաձայնի ռազմագերիների հարցը միջազգային կառույցներում: Մանրամասն՝ տեսանյութում: