1978թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Լոլոն թղթախաղով իր մեքենան տանուլ տալուց հետո սպանել էր «Դելֆինին» ու դիակը այրել գաջի գործարանի անտառում

1978թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Լոլոն թղթախաղով իր մեքենան տանուլ տալուց հետո սպանել էր «Դելֆինին» ու դիակը այրել գաջի գործարանի անտառում

Երևանի գաջի գործարանից դեպի հյուսիս-արևմուտք ընկած փոքրիկ անտառակում շաբաթօրյակ անցկացնող հավաքարար կանանցից մեկը թփի տակ երկու ոսկոր տեսավ: Քեֆչիների թողած աղբ կարծելով՝ կինը մոտեցավ ոսկորներին, մոտիկից նայեց ու ընկրկեց՝ կենդանու ոսկորներ չէին…
Հավաքարար կանայք անտառակում եղած ոսկորների մասին ահազանգեցին դատախազություն: Կարճ ժամանակ անց շրջանի դատախազն ու մի քանի քննիչ անտառակում էին: Քննիչների փորձված աչքերը մոտակայքում նկատեցին նաև մարդկային գանգի ճակատային մաս ու ծնոտի վերին ատամնաշար… Տարածքը «սանրեցին»: Մոտակա թփերից մեկի տերևները այրված էին: Քննիչները նկատեցին, որ այդ թփի տակ փոքրիկ հողաթումբ կա: Հողի շերտը հետ տալուց հետո անմիջապես օդում տարածվեց դիակի նեխահոտը: Դիակն այրված էր՝ պահպանվել էին վերնաշապիկի աջ գրպանի մասը, որ մնացել էր մարմնի ու հողի արանքում: Այդ գրպանում պահպանվել էին «Ավրորա» ծխախոտատուփ՝ մի քանի ծխախոտով, լուցկու մի տուփ: Չէր այրվել գոտին…
Հարուցվեց քրեական գործ: Տարբեր վարկածներ առաջ քաշվեցին, սակայն դեռ պարզ չէր դիակի ինքնությունը, նույնիսկ այն՝ կի՞ն էր, թե՞ տղամարդ: Ստուգեցին վերջին շրջանում անհետ կորածներին՝ և՛ կանայք կային, և՛ տղամարդիկ: Դատաբժշկական փորձագետի կարծիքով՝ սպանությունը կատարվել էր մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի վերջին, սպանվածը, ամենայն հավանականությամբ՝ տղամարդ էր: Ի՞նչը կարող էր ի հայտ բերել սպանվածի անձը: Նրա մոտ եղած առարկաներից մնացել էին ծխախոտի տուփը, մի տուփ լուցկի, չայրված մի գոտի: Նաև՝ վերին ատամնաշարը՝ պլոմբած ատամով: Իրավապահներն ուշադրություն դարձրին լուցկու տուփին՝ ստվարաթղթե տուփ չէր, բելառուսական լուցկի էր՝ ֆաներայից: Դրանք ավելի մեծ պահանջարկ ունեին ու արդեն հազվադեպ էին լինում խանութներում: Ստուգեցին՝ մայրաքաղաքի ո՞ր խանութներում է օգոստոսին վաճառվել բելառուսական նմանատիպ լուցկի: Պարզվեց՝ կինո «Մոսկվայի» հարևանությամբ գտնվող մթերային խանութում: Վաճառողուհին նշեց, որ բելառուսական լուցկին, իրոք, ավելի մեծ պահանջարկ ունի: «Ավրորա» ծխախոտն էլ իր գնորդներն ունի: «Ավրորա» ծխախոտի ու բելառուսական լուցկու մշտական գնորդների մասին հարցին ի պատասխան՝ վաճառողուհին միանգամից հիշեց տարեց մի կնոջ. «Մոտերքում է ապրում, կարծեմ՝ Լալայան փողոցում: Ամեն ամիս քսան-երեսուն տուփ «Ավրորա» ծխախոտ ու բելառուսական լուցկի է առնում»,- հիշեց վաճառողուհին: «Երևի վերավաճառո՞ւմ է»,- հարցրեց քննիչը: «Չէ, նա վերավաճառող չի, ասում է, թե տղայի համար է առնում»,- պարզաբանեց վաճառողուհին: Իրավապահները որոշեցին ստուգել այդ գնորդին: Լալայան փողոցում հարցուփորձ արին, իրոք՝ գտան տարեց կնոջ տունը: Կինը զարմացավ իրեն տրված հարցերից, բայց պատասխանեց, թե ամեն ամիս որդու համար քսան-երեսուն տուփ ծխախոտ ու բելառուսական լուցկի է առնում՝ որդին նախընտրում է փայտե կողքերով լուցկու տուփը… Կինն ասաց, թե որդին տանը չէ՝ պատահում է՝ շաբաթներով տանը չի լինում, բայց այս անգամ համարյա մեկ ամիս է՝ չկա: Իրենք մտածում են, թե Գորիսում կլինի՝ քրոջ տանը: Կինը նաև ասաց, թե որդին վերջին շրջանում գնում էր ատամնաբույժի մոտ, կարծես թե ատամ է պլոմբել հանրապետական ատամնաբուժարանում… Իրավապահները ճշտեցին կնոջ տղայի անուն-ազգանունը: Նշված ատամնաբուժարանում հետաքրքրվեցին, պարզեցին՝ ում մոտ է եղել երիտասարդը: Բժշկին ցույց տվեցին անտառակում հայտնաբերված վերին ատամնաշարը՝ պլոմբած ատամով: Ու բժիշկը համոզված ասաց, որ դա իր պլոմբած ատամն է… Սպանվածի անունը Մարատ էր: Մականուն էլ ուներ՝ «Դելֆին»: Օգոստոսին, նա, իրոք, եղել էր քրոջ տանը՝ Գորիսում: Բայց շտապել էր վերադառնալ Երևան, որ օգոստոսի 30-ին ներկա լինի «Արարատ» ֆուտբոլային թիմի հերթական խաղին: Մարատի քրոջը Գորիսից հրավիրեցին: Ցույց տվեցին վերնաշապիկի պատառիկը: Կինը ճանաչեց, ասաց, թե իր գնածն է: Նա ճանաչեց նաև գոտին՝ եղբոր գոտին էր: Մայրն ու քույրը գիտեին, որ Մարատը մի քանի ընկեր ունի: Այդ ընկերներին նրանք չէին սիրում, միայն անուններով գիտեին՝ Լոլոն, Սուրոն ու Համիկը: Թե որտեղ էին ապրում նրանք՝ Մարատի տնեցիները չգիտեին: Մարատի կինը հարցաքննությունների ժամանակ շատ զուսպ էր, քչախոս: Բայց հերթական հարցաքննության ժամանակ հանկարծ պոռթկաց, որ Մարատը սիրուհի էր «պահում»: Պարզվեց, որ կինը գիտեր նաև ամուսնու սիրուհու անունը՝ Լամար: Կարճ ժամանակ անց քննությամբ պարզվեց, որ Լամարը եղել էր ոչ միայն Մարատի սիրուհին, այլև Մարատին ու նրա ընկերախմբին թմրամիջոցներ վաճառողը: Մարատի՝ «Դելֆինի», ու նրա ընկերների հավաքատեղին Երևանի Մանկական կենտրոնական զբոսայգին էր: Նրանք այնտեղ նարդի էին խաղում, իսկ երբ հայտնվում էր Լամարը ու մատակարարում թմրամիջոցի հերթական քանակը, նրանք ծխում էին ու «բարձրացնում» իրենց տրամադրությունը: Լամարին հայտնաբերելը որոշակի ժամանակ պահանջեց, բայց կինը հայտնաբերվեց, հրավիրվեց հարցաքննության: Նա սկզբում ժխտեց, թե Մարատի սիրուհին է եղել, ժխտեց, թե թմրամիջոցներ է վաճառել: Բայց երբ քննիչը նրան անսպասելի ասաց. «Երեք-չորս հոգով մարդուն սպանել ու վառել եք…», Լամարը այլայլվեց: Քննիչը հավելեց նաև, որ դեպքի վայրում դանակ է եղել, որի կոթին հայտնաբերվել են հենց Լամարի մատնահետքերը: Դրանից հետո Լամարը պատրաստակամություն հայտնեց պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Հինգով գնացել էին «Արարատի» խաղին: Խաղից հետո ուտելիք, խմիչք էին գնել ու Լոլոյի «Ժիգուլիով» ուղևորվել էին Ջրվեժ՝ բնության գրկում հաց ուտելու: Հենց այնտեղ «Դելֆինն» առաջարկել էր թղթախաղի նստել: Խաղացել էին «Դելֆինն» ու Լոլոն: Սկզբում «Դելֆինը» պարտվել էր, հետո առաջարկել էր Լոլոյին, որ խաղան նրա մեքենայի վրա: Լոլոն համաձայնել էր՝ հարցնելով՝ եթե «Դելֆինը» պարտվի, որտեղի՞ց է մի ավտոյի փող տալու: «Դելֆինն» ասես կերպարանափոխվել էր, լուրջ կպել էր խաղին ու սկսել էր շահել: Լոլոն գնալով մռայլվել էր՝ տանուլ էր տալիս իր միակ հարստությունը: Նա սկսել էր «Դելֆինին» մեղադրել խաբելու համար: Թեժ վեճ էր սկսվել: Լոլոն վերցրել էր ուտելիքի մոտ դրված սուր դանակը ու մխրճել էր «Դելֆինի» սիրտը: «Դելֆինն» անշնչացած ընկել էր: Լոլոն ներկաներին՝ Լամարին, Համիկին, Սուրոյին վախեցրել էր՝ կատարվածի մասին ով բերանը բացի ու խոսի, «Դելֆինի» օրն է ընկնելու… Լամարի խոստովանական ցուցմունքներից հետո բերման ենթարկվեցին Լոլոն, Սուրոն, Համոն: Նրանց առերեսեցին Լամարի հետ: Լոլոն անմիջապես ընդունեց, որ ինքն է սպանել Մարատին: Նա նկարագրեց, թե ինչ էին արել սպանությունից հետո: Դիակը բրեզենտի նման մի բանով փաթաթել, տարել էին գաջի գործարանի մոտի անտառ: Արդեն գիշեր էր: Մի փոս էին գտել, դիակը դրել էին փոսի մեջ: Լոլոն մեքենայից բենզին էր հանել, լցրել Մարատի դիակի վրա ու հրկիզել: Հետո մի քիչ հող էին լցրել այրված դիակի վրա ու հեռացել էին: Լոլոն խոստովանության վերջում նույնիսկ արցունք թափեց ու, ասելով, թե զղջում է, խոստացավ՝ երբ պատիժը կրի ու դուրս գա, Մարատի գերեզմանին հուշարձան է կանգնեցնելու: Այս ամբողջ ընկերախումբը՝ Լամարն էլ նրանց հետ, կանգնեցին դատարանի առաջ: Լամարը՝ ոչ միայն սպանությունը պարտակելու, այլ նաև թմրամիջոցների առուվաճառքով զբաղվելու համար: Լոլոն դատապարտվեց 15 տարի, մյուսները՝ մինչև 12 տարի ազատազրկման: