Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդը բանաձևով անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդը բանաձևով անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդը բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման և Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին։ Այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ի՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության էջից։ Բանձևում նշված է. «Օ-դը-Ֆրանսը, որն ունի շուրջ 6 միլիոն բնակչություն, հանդիսանում է Ֆրանսիայի երրորդ ամենաբնակեցված ռեգիոնը Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումը, Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից միջազգային կոնվենցիաներով արգելված զենքի օգտագործման լուրջ կասկածը, Հաշվի առնելով Ֆրանսիայի ունեցած պատասխանատվությունը՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի անդամ ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կայուն լուծում գտնելու գործում, Հաշվի առնելով ջիհադիստ աշխարհազորայինների անհերքելի ներկայությունը ադրբեջանական բանակի շարքերում, Հաշվի առնելով հակամարտության ողբերգական ազդեցությունը տեղի բնակչության վրա, հազարավոր մարդկային կյանքերի կորուստը, հազարավոր տների ավերածությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը փաստացի ենթակայության կամ աքսորի դատապարտելը, Հաշվի առնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունն ու միջամտական աջակցությունը, որոնք մեծապես ապակայունացրեցին հակամարտությունը՝ հօգուտ Ադրբեջանի, Հաշվի առնելով նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, որը սառեցնում է հակամարտությունը ի օգուտ վերջինիս, առանց որևէ միջազգային ճանաչված ատյանի ներգրավման, Հաշվի առնելով, որ տվյալ համաձայնագրով խախտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքը ռուսական խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո «միջանցքի» ստեղծմամբ, Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չկարգավորելու փաստը հղի է զինված հակամարտության վերսկսման վտանգով, Հաշվի առնելով 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախության օգտին կատարած և մշտապես վերահաստատած՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների ընտրությունը, ովքեր օժտված են ժողովրդավարական կառույցներով և գործելակերպով Արցախի Հանրապետության անվան ներքո, Հաշվի առնելով հայկական դարավոր մշակութային ժառանգության ոչնչացման լուրջ սպառնալիքները՝ պայմանավորված դրանց՝ Ադրբեջանի հսկողության տակ փաստացի անցնելու հանգամանքով, Հաշվի առնելով Ֆրանսիային և Հայաստանին միավորող պատմական և մշակութային կապերը և մասնավորապես այն ժամանակից ի վեր, երբ Ֆրանսիան իր դռները բացեց 1915 թ. հայոց ցեղասպանության մազապուրծների առջև, Օ-դը-Ֆրանս ռեգիոնալ խորհուրդը. Արտահայտում է իր եղբայրական զորակցությունը թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի, թե ողջ աշխարհի, և թե Ֆրանսիայի ու Օ-դը-Ֆրանս շրջանի բոլոր հայերին, Սատարում է Ֆրանսիայի Սահմանադրության 34-1 հոդվածի համաձայն 2020 թ. նոյեմբերի 18-ին Սենատում ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի առաջարկը, Դիմում է Կառավարությանը՝ վերահաստատելու դեռ 2007 թ.-ին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի արտահայտած առարկությունը Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցելու հարցում: Կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) դատապարտել Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները և վերջինիս հանդեպ առևտրային հակազդամիջոցներ ձեռնարկել՝ դեպի ԵՄ նրա արտահանումների վրա մաքսատուրքեր կիրառելու միջոցով, Դիմում է Ֆրանսիայի կառավարությանը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, դիմել ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին և Միացյալ Թագավորությանը՝ չեղյալ հայտարարելու նոյեմբերի 10-ի համաձայնագիրը և գտնելու համաձայնություն, որը կերաշխավորի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն՝ միևնույն ժամանակ հարգելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը իր տարածքի վրա, Կոչ է անում ՄԱԿ-ին և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը` ապահովել ազգերի ինքնորոշման իրավունքի հարգումը և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները Հայաստանի և Ադրբեջանի միջև այս ճգնաժամի համատեքստում, Կոչ է անում ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու նպատակով, Կաջակցի, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, Ֆրանսիայում կազմակերպվող նախաձեռնություններին, որոնք մարդասիրական օգնություն կտրամադրեն հակամարտության հայազգի զոհերին»: