Ինչ և ո՞ւմ է ակնարկում Լևոն Տեր-Պետրոսյանը

Ինչ և ո՞ւմ է ակնարկում Լևոն Տեր-Պետրոսյանը

«Եթե ՀՀ առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն, չի կարող չբացահայտել հայ ժողովրդին պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը: Իսկ հիմա ամենևին դրա պահը չէ: Պահի հրամայականը Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի կայունացումն է, որի համար պատասխանատու են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը», ուրբաթ հայտարարել է Հայաստանի առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը՝ հայտնելով, թե այս օրերին շատերն են դիմում առաջին նախագահին հարցազրույցի համար և ներկայացնելով մերժման պատճառը: Առաջին նախագահի անունից հղված ազդակը արժանի է ուշադրության՝ Հայաստանում նոյեմբերի 9-ի ցավալի և ծանր առիթով և դրանից հետո ստեղծված ներքաղաքական ոչ պակաս ծանր իրավիճակում: Քաղաքական մի շարք ուժեր պահանջում են Հայաստանի վարչապետի հրաժարականը, դնելով անցումային ազգային համաձայնության կառավարության ձևավորման և արտահերթ ընտրության ճանապարհային քարտեզ: Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ իր օրակարգում ոչ թե հրաժարականի, այլ երկրի կայունության ապահովման հարց է: Նա ներկայացրել է կառավարության կադրային փոփոխությունների և առաջնահերթ սոցիալ-տնտեսական ու քաղաքական հարցերի ճանապարհային քարտեզ, հանրությանն առաջարկելով 2021 թվականի հունիսին ստուգել կատարված աշխատանքը և կայացնել որոշում, թե ինչ ենք անում հետագայում: Տողատակը թերևս ենթադրում է, որ վարչապետ Փաշինյանը առաջարկում է՝ հունիսին կատարվածը ցածր գնահատելու պարագայում գնալ արտահերթ ընտրության: Ընդդիմությունը չի ընդունում այդ քարտեզը, և այստեղ դիրքորոշումը հասկանալի է առնվազն քաղաքական իմաստով: Ակնառու է, որ ցավագին ռազմաքաղաքական պարտության և հայրենիքի մի մասի ողբերգական կորստի պայմաններում, Գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականից բացի, որևէ այլ տարբերակ ընդունելի լինել չի կարող, առնվազն զգայական ֆոնի բերումով: Առավել ևս, որ պարտության համար առնվազն քաղաքական պատասխանատվության հարցն աքսիոմատիկ է: Միևնույն ժամանակ էլ կա քաղաքագիտական կամ քաղաքական աքսիոմը, որ քաղաքական ուժերը փորձում են օգտագործել քաղաքական հակառակորդի կամ մրցակցի հետ պայքարում առավելության հասնելու ցանկացած առիթ, առավել ևս այնպիսի ծանրակշիռ առիթը, ինչպիսին ռազմական պարտությունն ու տարածքների կորուստը: Իսկ այդ իմաստը, ընդդիմադիր ուժերը փորձում են «երկաթը տաք ծեծել», որովհետև ոչ միայն 2021 թվականի հունիսին, այլ նույնիսկ 2021-ի գարնանն արդեն իրավիճակը և հանրային զգացմունքները զգալիորեն կլինեն սառած, բթացած, հետևաբար՝ ներկայումս Փաշինյանի հրաժարականին չհասնելու դեպքում, ժամանակի ընթացքում նրանք կարող են կորցնել հաջողության հետագա հնարավորությունը: Այլ կերպ ասած, ընդհանուր առմամբ ժամանակն այդ տեսանկյունից կաշխատի վարչապետ Փաշինյանի օգտին, ոչ բացարձակ իմաստով, իհարկե: Ըստ այդմ, ընդդիմությունն այժմ ձգտում է շտապել և առավել թեժացնել վիճակը: Ահա այդ ֆոնին էլ հնչում է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակի բավականին բազմիմաստ հայտարարությունը՝ հարցազրույցների հարցումների առիթին հղում անելով: Տողատակում, սակայն, հայտարարությունը համենայնդեպս թողնում է որոշակի նախազգուշացման կամ ակնարկի տպավորություն՝ ուղղված ներքաղաքական կյանքի դերակատարներին, որում նշմարվում է իմաստ, թե Տեր-Պետրոսյանը կարող է խոսել ու անել բացահայտումներ, որոնք կշոշափեն ծանր պարտության և զարգացումների համար ոչ միայն իշխանության պատասխանատվության շրջանակը: Իրականում կա՞ այդ նախազգուշացման նպատակը, թե՞ դա լոկ առերևույթ տպավորություն է, իհարկե, ասելը բավականին բարդ է: Սակայն հատկանշական է, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարներից աշխույժ է միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, որի հետ, ի դեպ, օրերս էլ հանդիպեց ՌԴ դեսպան Կոպիրկինը: Լուսանկարը՝ Armeniasputnik-ի