Միակ արդյունքը, որ ակնկալում եմ երկրորդ նախագահից՝ չխանգարելն է. Գայանե Աբրահամյան

Ֆեյսբուքյան իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը գրառում է կատարել այն մասին, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեև-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կմեկնեն Մոսկվա։ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է առաջարկությանը։ Նախկին նախագահները որոշել են Մոսկվայում հանդիպել էլիտայի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: «Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ զրույցում անդրադառնալով հարցին, որ եթե Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ամենօրյա կապի մեջ է Պուտինի հետ, ապա ի՞նչ անհրաժեշտություն կա, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահները մեկնեն Մոսկվա և ի՞նչ շրջանակների հետ են հանդիպելու՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը պատասխանեց. «Ես որևէ կերպ չեմ պատկերացնում, թե ինչ կարող են անել առաջին և երկրորդ նախագահները, որ չի կարող անել գործող իշխանությունը և գործող վարչապետը, ով ի պաշտոնե ունենալով լծակներ՝ շատ ավելի սերտ համագործակցության մեջ է ՌԴ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հետ, մի բան, որ մանդատ չունենալով, վստահ չեմ, որ հնարավոր է իրականցնել: Բայց կարծում եմ նաև, որ որևէ նախաձեռնություն որով հնարավոր կլինի օգնել Հայաստանին՝ ոչ միայն դուրս գալու այս իրավիճակից, այլ անգամ մի փոքր լումա ներդնելու ապտերազմի մեջ, պետք է խրախուսվի, և այդ խրախուսանքը նախկին նախագահները ստացել են վարչապետի կողմից: Բայց, ինչպես տեսնում ենք, արդեն տասն օրից ավելի է երկու նախկին նախագահներն էլ չեն մեկնել Մոսկվա, և այս առումով որևէ տեղաշարժ չկա»: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ այս ամենը հանրային որոշակի շրջանակների ուղերձներ տալու համար է արվում: Գայանե Աբրահամյանը նաև ընդգծեց, որ միակ արդյունքը, որ ակնկալում է հատկապես երկրորդ նախագահից՝ չխանգարելն է: Մանրամասն՝ տեսանյութում: