ԵԱՀԿ Մինսկի խումբը, Մինսկի խմբի համանախագահությունը և Իրանի Իսլամական Հանրապետության «Իրատեսականություն և խաղաղություն՝ տարածաշրջանի երկրների ուժերով» ծրագիրը

ԵԱՀԿ Մինսկի խումբը, Մինսկի խմբի համանախագահությունը և Իրանի Իսլամական Հանրապետության «Իրատեսականություն և խաղաղություն՝ տարածաշրջանի երկրների ուժերով» ծրագիրը

1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ստեղծման պահից ի վեր հայկական կողմը հետևողականորեն ջանքեր է գործադրել դրա կենսականությունը ապահովելու ուղղությամբ: Դրա համար եղել են և կան ոչ միայն օբյեկտիվ, այլ նաև սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառներից են եղել և՛ համանախագահող երկրների աշխարհագրական բազմազանությունը, և՛ ռազմաքաղաքական կարողությունները, և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության ու նրբերանգների իմացությունը: Սուբյեկտիվ պատճառները, թերևս, թելադրվել են Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությամբ: Ադրբեջանը, հանդիսանալով հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային կողմ, հետևողականորեն առաջ է տարել ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման միջազգայնորեն ճանաչված միջնորդական մանդատ ունեցող ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը վարկաբեկող և լեգիտիմությունից զրկող քաղաքականություն: Մի կողմից մասնակցել է համանախագահության միջնորդությամբ տարվող աշխատանքներին, իսկ մյուս կողմից նավթադոլարներ չի խնայել հակամարտության կարգավորումը այլ միջազգային հարթակներ տեղափոխելու ուղղությամբ: Եթե ՄԽ համանախագահության շրջանակներում հիմնաքարային են եղել միջազգային իրավունքի հիմնարար երեք սկզբունքների ապահովումը, այն է՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքները, ապա այլ հարթակներում Ադրբեջանը փորձել է ամրապնդել այնպիսի թեզեր, ինչպիսիք են՝ իր տարածքների 20%-ի, այսպես կոչված, օկուպացիան, ՄԱԿ ԱԽ 1993թ. բանաձևերի կիրարկման անհրաժեշտությունը (ակնհայտ խեղաթյուրմամբ, որին կանդրադառնամ մեկ այլ հոդվածում), հակամարտության բուն էության խեղումը, բանակցային գործընթացում Մինսկի խմբի (չշփոթենք ՄԽ համանախագահության հետ) ներգրավվածության անհրաժեշտությունը, որի անդամ է հանդիսանում նաև Թուրքիան: Այս գործընթացը զուգորդվել է հակամարտությանը կրոնական աստառ տալու ջանքերով, ինչն էլ որոշ դեպքերում ապահովել է Իսլամական համագործակցության կազմակերպության, Չմիավորման շարժման շրջանակներում վերոնշյալ թեզերի ամբողջական կամ մասամբ ձևակերպումների ընդունում: Ի հավելումն այս ամենի, նշեմ, որ ադրբեջանական դիվանագիտությանը 2008թ. հաջողվեց տոնել թվացյալ հաղթանակ՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» թիվ 62/243 բանաձևի տեսքով: Ինչու եմ սա համարում թվացյալ հաղթանակ, քանի որ քվեարկության մասնակցած 146 երկրներից բանաձևին ընդամենը 39-ն են կողմ քվեարկել, ԵՄ անդամ երկրներից ոչ մեկը չի աջակցել, դեմ են քվեարկել նաև ԵԱՀԿ մինսկի խմբի եռանախագահող երկրները՝ հայտարարելով, որ բանաձևում ընտրովի նշված են որոշ սկզբունքներ (տարածքային ամբողջականության սկզբունքը)՝ ի հաշիվ այլ սկզբունքների չընդգրկման (ինքնորոշման իրավունք և այլն): Այնուամենայնիվ՝ համանախագահության շրջանակներից կարգավորումը դուրս հանելու, ադրբեջանամետ դիրքորոշումներ ապահովելու և դրանք տարբեր հարթակներում շահարկելու առումով բանաձևը, մեղմ ասած, մտահոգիչ էր: Արձանագրենք, որ չի հաջողվել ապահովել Մինսկի խմբի անդամ հանդիսացող Թուրքիայի մասնակցությունը կամ ներգրավումը բանակցային գործընթացում, սակայն ներկայիս ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմը եկավ փաստելու, որ այդ ջանքերը տեղափոխվել են ռազմաճակատ՝ զուգահեռ, կամ պատերազմից հետո քաղաքական դաշտում գործելու լեգիտիմության ակնկալիքով: Խաթարելու համար Ադրբեջանի վերոշարադրյալ քայքայիչ ջանքերը՝ հայկական կողմը, ըստ իս, բանեցրել է դիմակայման քաղաքականություն, տեղ-տեղ կանխարգելիչ տարրերով: Մեր միջազգային գործընկերների հետ շփումներում առաջ են տարվել այնպիսի թեզեր, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներից դուրս ԼՂ հակամարտության վերաբերյալ ցանկացած քննարկում կամ ձևակերպում, որն ընտրովի է ներկայացնում կարգավորման հիմնական սկզբունքները, կամ հետխորհրդային տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները դնում է նույն հարթության վրա, որը կարող է վտանգել խաղաղ կարգավորման գործընթացը: Մշտապես շեշտվում է համանախագահության՝ միակ միջազգայնորեն ճանաչված միջնորդական ֆորմատ լինելու փաստը: Այնուամենայնիվ, մենք զերծ ենք մնացել այնպիսի մեխանիզմի կիրառումից, ինչպիսին հակազդումն է: Հակազդման օբյեկտ կարող էր հանդիսանալ Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչման հարցը, կամ Արցախի անկախության ճանաչման իրավական ասպեկտի աստիճանական գեներացիան մեր միջազգային գործընկերների մոտ: Պարզ է, որ դիվանագիտական ճակատում այս ուղղությամբ գործելով՝ մենք ինքներս կվտանգեինք ՄԽ համանախագահության գոյությունը, բայց չէ՞ որ կարող էինք օգտագործել հայկական Սփյուռքի գործոնը: Եթե այս տարիների ընթացքում Հայաստանը համակարգված աշխատանք տաներ Սփյուռքի տարբեր կառույցների հետ և միջոցով՝ տեղեկատվական պատերազմին բնորոշ էլեմենտների զուգակցմամբ, ապա այսօր, երբ Արցախի հարցը փաստացի լուծվում է ռազմաճակատում, «Անջատում հանուն փրկության» թեզի լեգիտիմացիան միջազգային հանրության շրջանում կունենար անհամեմատ ավելի ամուր դիրքեր, քանի որ, ինչպես ժողովուրդն է ասում, նույնիսկ կաթիլը, երբ տևական ժամանակ կաթում է քարի վրա, ապա մի օր այդ քարը ճաք է տալի: Այսօր Ժնևում տեղի ունենալիք ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հաջորդում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և աշխատանքային այցով Երևան ժամանած ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի հետ ունեցած հանդիպմանը: ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Իրանցի պաշտոնյան ներկայացրել է իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Զ. Մնացականյանը նշել է, որ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն և, որ այսօր հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Սակայն, ըստ իս, այս հաղորդագրության հիմնական ուղերձն այն է, որ այդ ձևաչափով (ՄԽ համանախագահության) աշխատանքները շարունակվելու են: Այլ կերպ ասած՝ բանակցային ֆորմատի փոփոխություն մեր օրակարգում այս պահին չկա: Կարծում եմ, որ ֆորմատի փոփոխությունը նշանակում է քայլել պայթուցիկներով լի դաշտի միջով: Որպես խոսքերիս ամրապնդում՝ հիշեցնեմ ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի, Թուրքիայի համատեղ աշխատանքի արդյունքում կոնսենսուս գտնելու և շահերի հավասարակշռում ապահովելու վերաբերյալ հայտարարությունը: Դժվար չէ կռահել, թե ինչպիսին կարող են լինել կարգավորման վերոնշյալ ֆորմատի արդյունքները հայկական կողմերի համար: Ըստ այդմ, ռազմական գործողություններին զուգընթաց, հայկական կողմերը պիտի շարունակեն գործադրել ջանքեր ՄԽ համանախագահության ֆորմատը պահպանելու և առավել ակտիվացնելու ուղղությամբ՝ ռազմաճակատում շոշափելի հաղթանակներ գրանցելու հաստատակամությամբ: