Կարծում եմ՝ դեռ որոշ ժամանակ կշարունակվեն ռազմական գործողությունները. Վահրամ Բալայան

Կարծում եմ՝ դեռ որոշ ժամանակ կշարունակվեն ռազմական գործողությունները. Վահրամ Բալայան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը: Պարոն Բալայան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի բաց նամակն ուղղված ՌԴ նախագահ Պուտինին և   Պարգև Սրբազանի կոչը: Արդյոք սա նշանակում է, որ միակ մեր հյուսը մնացել է Ռուսաստանին դիմելը: Ընդհանուր առմամբ հարցի կարգավորման հետ կապված Ռուսաստանն ունի ընդգծված դերակատարություն և նման քայլն ինչ-որ ձևով արդարացված է: Արդարացված է նաև այն տեսանկյունից, որ վերջիվերջո Արցախը Ռուսաստանի հետ ունի բավականաչափ երկար անցած ճանապարհ: Այդ ճանապարհը նաև քաղաքական երանգներ ունի, կարելի է նույնիսկ ասել, որ շուրջ 350 տարի այդ հարաբերությունները եղել են և միշտ էլ դրանք ջերմ են եղել: Դեռևս Գյուլիստանի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը որոշակի պարտականություններ է վերցրել այդ տարածաշրջանի, տվյալ պարագայում Արցախի նկատմամբ: Ինձ թվում է, որ նաև ինչ-որ մի տեղ Ռուսաստանը որպես պետություն, որպես հզոր երկիր, ինչ-որ մի տեղ նաև պետք է շահագրգռվածություն ունենա պահպանել այն կապը, որը ստեղծվել է 350 տարի առաջ: Այս պահին իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով, որ Թուրքիան շարունակում է միջամտել պատերազմին և արդեն 1200 զինվորական է ուղարկում: Մենք երկարատե՞ւ գործընթացի հետ գործ ունենք: Եթե դուք նկատել եք, իսկապես, Էրդողանի, ընդհանրապես Թուրքիայի զինվորականների, քաղաքական գործիչների հայտարարությունները խոսում են այն մասին, որ իսկապես Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին և այսօր արցախահայությունը և ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունը չեն պայքարում միայն Ադրբեջանի դեմ: Բացահայտորեն Թուրքիան ներգրավված է այս ամենի մեջ և իսկապես այդ ներգրավվածությունն է, որ թույլ չի տալիս, որ հարցը տեղափոխվի բանակցային գործընթաց: Թուրքիայի ագրեսիվ պահվածքը տեսանելի է ոչ միայն արցախյան ճակատում, այլ ընդհանրապես Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովում տեղի ունեցող զարգացումների խորապատկերի վրա տեսանելի է, որ Թուրքիան ունի ուրիշ խնդիրներ և փորձում է այդ խնդիրները լուծել ի հաշիվ տարածաշրջանի ժողովուրդների, ի հաշիվ խաղաղության՝ պատերազմ տարածելով իր հարևան երկրներում: Սա տեսանելի է, ցավոք, ռազմական գործողությունները շարունակվում են և մենայն հավանականությամբ, դեռ կշարունակվեն, եթե իհարկե, միջնորդ երկրները շատ ավելի կոշտ դիրքորոշում չորդեգրեն: Այսինքն եթե զուտ հայտարարություններից անցում չկատարվի կոնկրետ գործնական քայլերի, որոնք հնարավորություն կտան հակամարտությունը տեղափոխել բանակցային սեղանի շուրջ: Այսինքն այս պահին հրադադարի մասին խոսելը վա՞ղ է: Զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաշունչ հռետորաբանությունը թույլ են տալիս ասել, որ նրանք այս պահին նպատակ չունեն նստելու բանակցային սեղանի շուրջ: Կարծում եմ՝ դեռ որոշ ժամանակ կշարունակվեն ռազմական գործողությունները: