ՊԲ-ն Ադրբեջանի ԶՈՒ կազմում իսրայելական Sandcat զրահամեքենա է խոցել

ՊԲ-ն Ադրբեջանի ԶՈՒ կազմում իսրայելական Sandcat զրահամեքենա է խոցել

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն Ադրբեջանի Զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցող իսրայելական արտադրության Sandcat զրահամեքենա է խոցել: Այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով զրահամեքենայի լուսանկարը: «Կարևոր հանգամանք: Հայաստանի ռազմական փորձագետները նկատել են, որ տեսանյութում երևում է իսրայելական Sandcat զրահամեքենայի ոչնչացումը: Հաստատում ենք ասվածի իսկությունը»,- գրել է Ստեփանյանը: Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել Ադրբեջանի Զինված ուժերի ավտոշարասյան խոցումից: Տեսանյութի վերջում երևում է, թե ինչպես է դիպուկ հարվածով խոցվում իսրայելական արտադրության Sandcat-ը, իսկ մեքենայի կողքին կանգնած զինծառայողը փախուստի դիմելիս շպրտվում հարվածի ալիքից: Մինչ այս հայտնի էր դարձել, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում, որում Ադրբեջանին աջակցում են նաև Թուրքիան ու Սիրիայից և Լիբիայից բերված վարձկան ահաբեկիչները, Ադրբեջանի զինված ուժերը կիրառում է իսրայելական արտադրության հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև թուրքական օդուժի միջոցները: Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը: