«Գագիկ Խաչատրյանն ու մյուս օլիգարխներն այսօր վայելում են իրենց ունեցվածքը, իսկ հայ զինվորը կոտորվում է»․ «կուլակները», հայության ներուժն ու Ադրբեջանի մասնատման սցենարը

«Գագիկ Խաչատրյանն ու մյուս օլիգարխներն այսօր վայելում են իրենց ունեցվածքը, իսկ հայ զինվորը կոտորվում է»․ «կուլակները», հայության ներուժն ու Ադրբեջանի մասնատման սցենարը

«Այսօր մեր գլխավոր խնդիրը ռազմավարական առումով, նախ, ներքաղաքական է։ Մեր խնդիրների մեծ մասը ներքին ծագում ունի․․․ Պետությունից գողացված ռեսուրսները պետք է բռնագանձվեն և ուղղվեն պետության ռազմավարական կարողությունների զարգացմանը․․․ Օրինակ՝ ինչպե՞ս է մասնավորեցվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հայաստանն այսօր այնքան հանքանյութ է արտադրում և այնքան հանքանյութ է արտահանում, որ եթե դա պետական հսկողության տակ լիներ՝ միլիարդների եկամուտ կտար։ Բոլոր այս հարցերը պետք է քննվեն։ Պետք է նաև մոբիլիզացնել հայության ներուժը և նպատակային գործողություններ իրականացնել։ Մեր ազգային ներուժը շատ ուժեղ է։ Մեր ստրատեգիական ներուժը ճիշտ օգտագործելու դեպքում մենք շա՜տ ավելի շահեկան վիճակում կլինենք և շատ ավելի ստրատեգիական նպատակներ կկարողանանք իրականացնել՝ նույն Ադրբեջանի մասնատման, այնտեղի փոքրամասնություններին՝ բնիկ ժողողովուրդներին ոտքի հանելու միջոցով Ադրբեջանը «Սիրիա» վերածելու իմաստով։ Բայց դա իրագործելի սցենար է, եթե մենք այդ սցենարին մոտենանք ոչ թե որպես հանդիսական, այլ որպես սցենարներ մշակելու և իրականացնելու ունակ, կոնսոլիդացված, կուռ միավոր՝ ի դեմս Հայաստանի, Հայկական սփյուռքի և հզոր հայկական պետականության»։ Ղարաբաղյան հակամարտությանը և մասնավորապես ս․թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմին Թուրքիայի անմիջական ներգրավումը՝ ոչ միայն քաղաքականապես, այլև արդեն ռազմականապես, այդ թվում՝ սիրիացի վարձկան-ահաբեկիչներին ռազմական գործողությունների թատերաբեմ բերելը, իհարկե, ազդեց ուժերի հավասարակշռության վրա՝ որոշ չափով փոխելով նաև կոնֆլիկտի բովանդակությունն ու զարգացման ընթացքը, նաև միջազգային ընկալումները, ներմուծելով նոր տարրեր հակամարտության մեջ։ Բայց նաև ստիպեց Հայաստանում շատերին հիշելու, որ մենք՝ հայերս, ոչ թե զուտ կովկասյան, այլ առաջավորասիական կամ ժամանակակից լեզվով ասած՝ մերձավորարևելյան ժողովուրդ ենք, և մեր երկիրն էլ մաս է կազմում ու սերտորեն՝ հազար ու մի կապով կապված է Մեծ Մերձավոր Մերձավոր կամ Միջին Արևելք կոչվող «եռացող կաթսային», որը հատկապես վերջին տասնամյակներին եղել և մնում է աշխարհի ամենաթեժ ռեգիոններից մեկը՝ այստեղ եղած կոնֆլիկտային բազմաթիվ օջախների և այստեղից բխող անվտանգության, այդ թվում՝ ահաբեկչության սպառնալիքների պատճառով։ Տարիներ շարունակ մենք լուրերով լսում էինք «արաբական գարնան», Իրաքում, Սիրիայում, Եմենում, Լիբիայում և այլ երկրներում շարունակվող պատերազմների, քաղաքական անկայունության, պայթյունների, տարբեր ահաբեկչական խմբավորումների գործունեության, իսլամիստ-ահաբեկիչների, ջիհադիստների վայրագությունների և շատ ու շատ այլ զարհուրելի դեպքերի մասին, սակայն մեզնից շատերին հավանաբար թվում էր, թե այդ ամենը տեղի է ունենում մեզնից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա, ասենք՝ Հարավային Ամերիկայում կամ Ավստրալիայում։ Բայց իրականում մենք կապված ենք այս անկայուն տարածաշրջանի հետ հազար ու մի թելերով։ Կարելի է հիշել թեկուզ այն փաստը, որ այս ռեգիոնում, այդ թվում՝ արաբական աշխարհում, ապրում են մեծ թվով հայեր, և Մերձավոր Արևելքի հայկական համայնքները ոչ միայն, որպես կանոն, շատ ակտիվ հասարակական-քաղաքական դեր են խաղում՝ յուրաքանչյուրն իր երկրում, այլև շատ կարևոր նշանակություն ունեն թե՛ Հայաստանի, թե՛ Հայկական սփյուռքի համար։ Կան նաև այլ կապեր, օրինակ՝ մեր անմիջական հարևան Թուրքիան, որն, իր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, արդեն իսկ ձեռք է բերել տարածաշրջանի թիվ 1 ագրեսորի համբավ, և այս արյունարբու բռնակալը մեգառեգիոնում հրահրվող անկայունության ու չարագործությունների գլխավոր ճարտարապետներից է։ Եվ ահա այս անգամ՝ քաղաքական զարգացումների այս շրջափուլում, ըստ էության լուրջ անհաջողություններ կրելով Սիրիայում և Լիբիայում, քաղաքական այս պարանոյիկը որոշեց փոխել իր նեոօսմանյան ծավալապաշտության ուղղությունը դեպի Հայաստան ու հայկական Արցախ՝ ակտիվացնելով թուրքերի վաղեմի երազանքը՝ պանթյուրքիստական ծրագիրը և հրահրելով նոր պատերազմ Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ։ Թե ի՞նչ հաշվարկներով է Էրդողանը գնացել այս քայլին՝ կարելի է, անշուշտ, քննարկել։ Բայց այստեղ կա մեկ այլ կարևոր հարց, ավելի ճիշտ՝ խնդիր։ Որոշ վերլուծաբաններ լուրջ մտավախություն ունեն, որ հատկապես իսլամիստ-ահաբեկիչներին Ղարաբաղյան գոտի բերելը կարող է միացնել մեր տարածաշրջանը մերձավորարևելյան քաոսի ռեժիմին՝ Հարավային Կովկասն ու հատկապես Լեռնային Ղարաբաղի գոտին վերածելով, պայմանականորեն ասած, նոր «Սիրիայի», «Իրաքի» կամ «Լիբիայի»։ Շատերն էլ համաձայն չեն այս տեսակետի հետ և դա հիմնավորում են նշված տարածաշրջանների ու կոնֆլիկտների շատ ու շատ առանձնահատկություններով, աշխարհագրությամբ ու տարբերություններով։ Բայց մյուս կողմից, ինչպես հայտնի ու փորձված ճշմարտությունն է ասում՝ ցանկացած նոր ճգնաժամ, նոր աղետ՝ լինի համաճարակ, թե պատերազմ, իր հետ բերում է ոչ միայն նոր մարտահրավերներ, այլև նոր հնարավորություններ։ Օրինակ, եթե հաշվի առնենք Թուրքիայի օգնությամբ Հայաստանի դեմ էքսպանսիայի և շարունակական ագրեսիայի քաղաքականություն վարող, արցախահայությանը տեռորի ենթարկող և այս օրերին հայկական բնակավայրերը ռմբակոծող՝ Ադրբեջան կոչվող պետության արհեստական բնույթը, դրա՝ որպես ազգ ու ինքնություն կայացած չլինելը, առավել ևս այս տարածքի էթնոկոնֆեսիոնալ բազմազանությունը, որի միասնությունն, ըստ էության, ինչպես մերձավորարևելյան շատ երկրների դեպքում, պահվում է բիրտ ավտորիտար ռեժիմի ճնշման տակ, ապա դա տեսականորեն լայն հեռանկարներ է բացում մեր առջև՝ մասնատելու և չեզոքացնելու հենց այսօր, հենց այս պահին հայությանն ու Հայաստանին էքզիստենցիալ (գոյութենական) սպառնալիք ներկայացնող չարագործ այս բռնապետությունը՝ ազատագրելով տեղի բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին, թաթերին, լեզգիներին, ավարներին և այլոց, որոնց համար Արցախը վստահաբար լավագույն օրինակներից մեկն է։ Հռոմեացի սենատոր Կատոնը (լատ․՝ Marcus Porcius Cato, մ․թ․ա․  234-149 թթ․), օրինակ, շատ հստակ դիրքորոշում ուներ Հռոմի գլխավոր ախոյանի՝ Կարթագենի վերաբերյալ՝ անգամ վերջինիս դեմ մղված երկու հաղթական պատերազմներից և նրան ծնկի բերելուց հետո։ Նա կարծում էր, որ այս պետությունը, որը կրկին ծովային գերտերության վերածվելու ներուժ ունի, առաջվա պես լուրջ սպառնալիք է ներկայացնում և հետևաբար պետք է հիմնովին ոչնչացվի։ Եվ Կատոնը Սենատում իր բոլոր ճառերը ավարտում էր հետևյալ խոսքերով․ «Եվ, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Կարթագենը պետք է կործանվի»։ Հռոմեացիներն այդպես էլ արեցին՝ վերջնականապես ջախջախելով Կարթագենին Պունիկյան երրորդ պատերազմում (մ.թ.ա. 149-146թթ.) և քաղաքը հավասարեցնելով հողին։ Իսկ տարածքը դարձավ Հռոմի աֆրիկյան պրովինցիաներից մեկը։ Որքանո՞վ են արդիական սենատոր Կատոնի խոսքերը մեզ համար, եթե այն վերաձևակերպենք և կիրառենք մեզ սպառնացող թշնամու՝ Ադրբեջանի վերաբերությամբ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների թեկնածու Արամ Թերզյանը (ԱՄՆ): - Պարոն Թերզյան, Սիրիայի և Ադրբեջանի միջև ժողովրդագրության, էթնիկ բազմազանության, ներքին խոցելիության առումով նմանություն չե՞ք տեսնում։ Իհարկե, Սիրիան հինավուրց երկիր է՝ շատ հարուստ պատմությամբ ու մշակույթով՝ ի տարբերություն Ադրբեջանի։ Բացի այդ, նաև բարեկամական երկիր է, և այդ իմաստով մենք, իհարկե, չէինք ուզենա, որ Սիրիան հայտնվեր այսօրվա ծանր վիճակում և չէինք ուզենա այդ առումով համեմատել Ադրբեջանի պես մարդատյաց պետության հետ։ Նույնը վերաբերում է նաև Իրաքին և մյուս երկրներին։ Բայց, այդուհանդերձ, ներքին պառակտման ներուժի առումով ընդհանրություններ տեսնո՞ւմ եք։ Եթե մեր տարածաշրջանի երկրներից որևէ մեկը պիտի վերածվի պայմանական «Սիրիայի» կամ «Իրաքի», ապա ինչո՞ւ դա չլինի Ադրբեջանը։ Շեշտեմ, որ սկսված պատերազմից հետո Հայաստանում այնպիսի տրամադրություններ են, որ նույնիսկ ամենալիբերալ ու հանդուրժող մարդիկ կողմ են արտահայտվում Ադրբեջանը, որպես պետություն, հիմնովին ջախջախելուն և ոչնչացնելուն։ - Իրոք շատ տեղին հարց եք բարձրացնում, և կարծում եմ՝ այդպիսի հարցեր վաղուց պետք է լինեին մեր ե՛ւ քաղաքագիտական մտքում, ե՛ւ քաղաքական օրակարգում, որովհետև այսօր Հայաստանի խնդիրն այն չէ, որ կա Ադրբեջան կամ կա Թուրքիա, որոնք իրենցից ուժ են ներկայացնում։ Այլ Հայաստանի գլխավոր խնդիրն այն է, որ իր ներուժը և ռեսուրսները ճիշտ չեն օգտագործվում: Իսկ թե ինչի՞ հետևանքով՝ մենք բոլորս լավ գիտենք։ Այս ամենը հետխորհրդային շրջանում երկրի ռազմավարական օբյեկտների հանդեպ անտարբեր վերաբերմունքի, երկիրը հետևողականորեն գռփելու, ողջ հարստությունը երկրից արտահանելու, ինչ-որ առանձին անհատների հարստացման և երկրի աղքատացման գործընթացների հետևանքն է, և այսօր մեր գլխավոր խնդիրը ռազմավարական առումով, նախ, ներքաղաքական է, որ մենք այդ մարդկանց կարողանանք ե՛ւ ճիշտ քաղաքական ու իրավական գնահատական տալ, ե՛ւ կուլակաթափ արվեն, և պետությունից գողացված ռեսուրսները բռնագանձվեն և ուղղվեն պետության ստրատեգիական (ռազմավարական) կարողությունների զարգացմանը։ Չեմ ուզում, որ խոսքս բաժակաճառային հնչի, բայց ամեն ինչ պետք է սկսվի մեր ներքին ռեսուրսի մոբիլիզացիայից։ Եվ Հայաստանում հեղափոխությունից հետո իշխանության եկած նոր կառավարությունը, որը շատ հարցերում անփորձ է, շա՜տ կոնցեպտուալ (հայեցակարգային) հարցեր պետք է բարձրացնի և հուսով եմ, որ կբարձրացնի։ Օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ինչպե՞ս է մասնավորեցվել։ Բազմաթիվ այսպիսի ստրատեգիական օբյեկտներ կան, որոնք մասնավորեցվել են խիստ կասկածելի ճանապարհներով և գտնվում են ինչ-որ մասնավոր անձանց կամ օֆշորային ընկերությունների վերահսկողության տակ։ Հայաստանն այսօր այնքան հանքանյութ է արտադրում և այնքան հանքանյութ է արտահանում, որ եթե դա պետական հսկողության տակ լիներ՝ միլիարդների եկամուտ կտար։ Բոլոր այս հարցերը պետք է քննվեն։ Հեղափոխությունից հետո ես, օրինակ, ակնկալում էի, որ նրանք այդ էջերը կվերաբացեն և փոփոխություններ կիրականացնեն, այսինքն՝ հանցանքներին գործածներին դատապարտեն և օրենքը վերականգնեն, այդ թվում՝ պետական ունեցվածքի վերականգնման միջոցով։ - Հիշեցնեմ հայտնի հայտարարությունը, որ «ժողովրդից թալանածը կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու»։ - Այո՛, այո՛։ Ասենք, Գագիկ Խաչատրյանը, որ ավելի քան 200 մլն դրամ է փոխանցում պետության հաշվին՝ «որպես ենթադրյալ մեղադրանքի հնարավոր վնասի փոխհատուցում», կամ մյուս օլիգարխները, որոնց բոլորս շատ լավ գիտենք, այսօր նրանք վայելում են իրենց ունեցվածքը, իսկ հայ զինվորը կոտորվում է։ Բնական է՝ պատերազմ է՝ իր բոլոր աղետալի հետևանքներով, բայց մենք շա՜տ ավելի շահեկան վիճակում կգտնվեինք և շատ ավելի ստրատեգիական նպատակներ կկարողանայինք իրականացնել՝ նույն Ադրբեջանի մասնատման, այնտեղի փոքրամասնություններին՝ բնիկ ժողողովուրդներին ոտքի հանելու միջոցով Ադրբեջանը «Սիրիա» վերածելու իմաստով։ Իսկ ի՞նչ ենք մենք այսօր անում՝ ընդամենը պաշտպանվում ենք, բացառապես պաշտպանվում ենք։ Պաշտպանում ենք այն, ինչ հասել է մեզ ուժի իրավունքով, հասել է մեզ մեր ազգի մի հատվածի ֆիզիկական բնաջնջումը կանխելու անհրաժեշտությունից։ Այսօր ստեղծում են Հարավային Սուդան, ստեղծվել է Հյուսիսային Կիպրոս, զորքեր են մտցնում Լիբիա, զորքեր են մտցնում Սիրիա, Կոսովո են ստեղծում՝ ճանաչելով նրա անկախությունը, իսկ այն տարածքի մասին, որը մեզ համար ունի գոյութենական նշանակություն՝ ֆիզիկական բնաջնջումից խուսափելու համար, բոլորը խոսում են տարածքային ամբողջականության սկզբունքի տեսանկյունից։ Բայց քաղաքականության մեջ բարոյական կատեգորիաները չեն անցնում․ այստեղ դու պետք է լինես այնքան ուժեղ, որ քո հետ հաշվի նստեն, ոչ թե մուրաս օգնություն և անիծես քո դաշնակիցներին ու հակառակորդներին։ - Պարոն Թերզյան, եկեք պարզ ասենք։ Մենք այսպես ասած՝ էքզիստենցիալ խնդրի առաջ ենք կանգնած շատ վաղուց և այսօր՝ հատկապես, բայց ունենալով հարուստ ընդերք, օգտակար հանածոներ, հսկայական ֆինանսական եկամուտների աղբյուրներ և այլ հնարավորություններ՝ չենք կարողանում լուծել այդ առաջնային այդ խնդիրը, քանի որ ենթադրաբար ապօրինի հարստացած մարդիկ, ինչպես ինքներդ նշեցիք, շարունակում են վայելել իրենց հարստությունը, որն այդպես էլ չի վերադարձվում պետությանը կամ վերադարձվել է մասնակիորեն՝ ոչ այն չափերով, ինչ ակնկալվում էր։ Ու այս վիճակում գտնվող երկրում դեռևս ապրում ու իրենց ունեցվածքն են վայելում ծայրահեղ հարուստ մարդիկ՝  չնայած այն հանգամանքին, որ այսօր մենք առաջին հերթին և ակնհայտորեն ունենք զուտ սպառազինության և պատերազմը շարունակելու կարողություններն ավելացնելու գերառաջնահերթություն։ Համաձա՞յն եք այս տեսակետի հետ։ - Այո՛, և դրան ավելացրեք նաև Սփյուռքի ներուժը։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ սփյուռքահայության շրջանում տարիներով ձևավորվել է անվստահություն, և շատ դժվար է միանգամից այդ ընկալումը փոխել։ Ես այսօր Միացյալ Նահանգներում եմ՝ սփյուռքահայ ամենամեծ գաղթօջախներից մեկում, և տեսնում եմ, որ շատ մարդիկ, միջոցներ ուղարկելուց առաջ, դեռևս կասկածներ ունեն՝ արդյո՞ք ուղարկված այդ միջոցը կծառայի իր նպատակին։ Ձեզ թվում է՝ դժվար կլինե՞ր։ Միայն Միացյալ Նահանգներում, տարբեր հաշվարկներով, մինչև 1,5 մլն հայ կա։ Եթե նրանցից յուրաքանչյուրը ամսական 50 դոլար ուղարկեր Հայաստան համահայկական հիմնադրամին, եթե վստահություն լիներ․․․ Այսինքն՝ այդ վստահության մեխանիզմն է պետք։ Պետք է մոբիլիզացնել հայության ներուժը և նպատակային գործողություններ իրականացնել։ Մեր ազգային ներուժը շատ ուժեղ է։ Ադրբեջանը ունի միայն նավթ, գազ, և այսօր մենք տեսնում ենք՝ ինչպե՞ս է նավթի գների անկումից նրա տնտեսությունը հայտնվում կոլապսի մեջ։ Դրա համար էլ Ալիևը այսպիսի գործողություններով փորձում է լեգիտիմացնել իր իշխանությունը, պահպանել իր դիրքերը։ Բայց մենք մեր ստրատեգիական ներուժը ճիշտ օգտագործելու դեպքում շատ ավելի շահեկան վիճակում կլինենք, քան այդ զոհի կերպարը, որը հաճախ փորձում են վերագրել Հայաստանին։ Մեր խնդիրների մեծ մասը ներքին ծագում ունի։ - Իսկ հիշո՞ւմ եք հռոմեացի սենատոր Կատոնին, որն իր բոլոր ելույթները Սենատում ավարտում էր հետևյալ խոսքերով․ «Եվ, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Կարթագենը պետք է կործանվի»։ Որքանո՞վ են այս խոսքերն արդիական այսօր և պե՞տք է արդյոք դրանք վերաձևակերպենք ու կիրառենք մեր հիմնական ախոյանի՝ Ադրբեջանի վերաբերությամբ։ - Ադրբեջանը արհեստական պետություն է։ Լրի՛վ արհեստական պետություն և արհեստական ազգ։ Նրանք մինչև հիմա նույնիսկ իրենց ինքնությունը հստակ չգիտեն՝ կովկասյան թաթար են, թուրք են, քուրդ են, թե ինչ են։ Տարբեր ձևակերպումներ կան։ Ինչ ուզում եք՝ ասեք։ Նրանց ազգային գաղափարախոսությունը այս ողջ հետխորհրդային շրջանում եղել է հակահայկականությունը։ Այսինքն՝ «մենք ադրբեջանցի ենք, քանի որ մենք հայ չենք»։ Նրանց այս ողջ ազգային ինքնագիտակցության, «զարթոնքի» ու ինքնության հիմքում դրվել է «Ղարաբաղի ազատագրումը», և Ադրբեջանում դա քարոզվում է պետական մակարդակով՝ մուլտֆիլմերից սկսած՝ մինչև ամենօրյա հեռուստահաղորդումներ։ Դա արհեստական միավոր է, որի կառավարող ռեժիմի՝ արտաքին թշնամու շահարկման միջոցով հասարակությանը կառավարելի դարձնելու մոբիլիզացիոն ունակությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման դեպքում թուլանալու է։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այս պետության տնտեսության, ՀՆԱ-ի ահռելի մասը գոյանում է նավթի վաճառքից։ Իսկ նավթի շուկան այսօր շատ անկայուն է, և ամեն անգամ մենք տեսնում ենք, թե նավթի գների տատանումներից ինչ աղետալի վնասներ է կրում Ադրբեջանի տնտեսությունը։ Դա արհեստական երկիր է։ Տեսանք, թե ինչ եղավ Վենեսուելայի հետ Ուգո Չավեսից հետո։ Աշխարհում նավթի ամենամեծ պաշարներն ունեցող երկիրն այսօր աղքատության մեջ է հայտնվել։ Նույնը սպառնում է նաև Ադրբեջանին։ Ճիշտ է՝ գազի պաշարներ էլ կան Ադրբեջանում, բայց, այնուամենայնիվ, սա արհեստածին միավոր է՝ անկայուն, չբազմազանեցված տնտեսությամբ։ Եվ հայության ներուժը ճիշտ օգտագործելու դեպքում, ուզում է՝ Թուրքիան միջամտի, ուզում է՝ մեկ ուրիշը միջամտի, ամեն դեպքում սա աշխարհաքաղաքական խաղ է լինելու։ Բայց դա իրագործելի սցենար է, եթե մենք այդ սցենարին մոտենանք ոչ թե որպես հանդիսական, այլ որպես սցենարներ մշակելու և իրականացնելու ունակ, կոնսոլիդացված, կուռ միավոր՝ ի դեմս Հայաստանի, Հայկական սփյուռքի և հզոր հայկական պետականության։