Հունաստանը նախատեսում է ուսումնական կրակոցներ իրականացնել C-300 համալիրից

Հունաստանը նախատեսում է ուսումնական կրակոցներ իրականացնել C-300 համալիրից

Հունաստանի զինված ուժերը պատրաստվում են ռուսական արտադրության С-300 զենիթահրթիռային համակարգից ուսումնական կրակոցներ իրականացնել Կրետեում, ինչը կղզում դրանց տեղակայումից հետո 22 տարվա մեջ երկրորդն է, հաղորդում է ieidiseis.gr պարբերականը՝ աղբյուրներին հղումով: «Կարմիր արջ»-ը (C-300) վերջին 22 տարիներին պարեկում է Կրետեի արևելյան վերջամասում, կղզու շուրջ 280 կիլոմետր շառավղով՝ պատրաստ կուլ տալու յուրաքանչյուր թռչող «գիշատչի», գրում է կայքը: C-300-ից երկրորդ կրակոցի նախապատրաստումը համընկնում է Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունների երկարատև սրմանը Արևելյան Միջերկրածովի ափին և Սևծովյան տարածաշրջանում թուրքական C-400 համալիրից փորձնական կրակոցներին, նշվում է հոդվածում: Պարբերականը գրում է, որ Կրետեում ռուսական հեռահար զենիթային հրթիռների տեղակայումը տեղի է ունեցել 1999թ.-ի գարնանը՝ ամերիկացիների միջնորդությամբ և համաձայնությամբ: ԱՄՆ պաշտոնատար անձինք ներկա են եղել Կրետեում C-300-ից առաջին կրակոցներին: Ռուսական C-300 (S-300PMU-1) ՀՕՊ համակարգերը Կիպրոսը գնել է դեռ 1990-ականների կեսերին, սակայն, Թուրքիայի կտրուկ արձագանքի պատճառով, Աթենքի համաձայնությամբ, համալիրները տեղադրվել են հունական Կրետե կղզում, իսկ հետո անցել Հունաստանի սեփականությանը: