ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հումանիտար զինադադարի պարտավորությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հումանիտար զինադադարի պարտավորությունները

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ակնկալում է, որ կպահպանվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու պայմանավորվածության պարտավորությունները: Այս մասին ասված է Գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարության մեջ: Խոսնակը նշել է, որ Գլխավոր քարտուղարը դատապարտում է հակամարտության ընթացքում քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումները և անընդունելի համարում դրանց հետևանքով խաղաղ բնակիչների և երեխաների սպանությունները: Գուտերեշը խորապես ցավում է այն առնչությամբ, որ մշտապես անտեսվում են միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ զրույցներում Գուտերեշն ընդգծել է միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման անհրաժեշտությունը և ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքների պաշտպանության կարևորությունը: Գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու մասին վերջին հայտարարությամբ ընդգծված պարտավորությունները և անհապաղ կսկսվեն առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: