«ԱՄՆ-ի սայլը տեղից շարժվում է». Զոհրաբ Մնացականյանի՝ Վաշինգտոն նախատեսվող այցը՝ խիստ կարևոր

«ԱՄՆ-ի սայլը տեղից շարժվում է». Զոհրաբ Մնացականյանի՝ Վաշինգտոն նախատեսվող այցը՝ խիստ կարևոր

Աշխատանք է տարվում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ՝ The Hill-ին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը.«Ակնկալվում է, որ այցն ու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանան այս ամիս՝ տեղեկացրել է լրատվամիջոցը՝ նկատելով, որ թեև հանդիպումը ծրագրված է ԱՄՆ-ի և Հայաստանի ամենամյա ռազմավարական երկխոսության ոգուն համապատասխան, այն նոր հրատապություն է ձեռք բերում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին: Դեսպան Ներսեսյանը նշել է, որ այցի մանրամասները պաշտոնապես կհրապարակեն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը: Արտակարգ  և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ արտգործնախարար Մնացականյանի ԱՄՆ նախատեսվող այցը միանշանակ դրական է, քանի որ նկատելի է նաև Միացյալ Նահանգների քաղաքականության որոշակի փոփոխությունը.«Ինչպես ասում են՝ ԱՄՆ-ի սայլը տեղից շարժվեց։ Երկու հայտարարություն արվեց։ Պոմպեոյի առաջին հայտարարությունն, ըստ էության, իրենից ոչինչ չէր ներկայացնում, բավականին չեզոք էր։ Իսկ արեն երկրորդ հայտարարությունը բավականին հետաքրքիր էր։ Ինչպե՞ս կդիմանա Հայաստանը, մինչև ե՞րբ, մինչև իրե՞նք քայլ անեն։ Բավականին երկիմաստ  հայտարարություն էր։ Ես Հայաստանի արտգործնախարարի սպասվելիք այցը ողջունում եմ։ Մեծ հույսեր չկան իհարկե, որ ԱՄՆ-ը մինչև ընտրությունները կարող է դիրքորոշում ցույց տալ, բայց կարող է նաև Բայդենի կեցվածքը որոշակի դեր կարող է խաղել։ Կարծում եմ՝ Միացյալ Նահագները  հիմա այնպիսի քաղաքականություն է վարում, որը վերաբերում է ոչ այնքան արցախյան իրադարձություններին, այլև Թուրքիայի վարած քաղաքականությանը տարածաշրջանում՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, քիչ թե շատ իրեն դաշնակից երկիր։ Ուստի Միացյալ Նահանգները չի կարող այս իրադարձություններին անտարբեր մնալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Արման Նավասարդյանը հիշեցրեց  Մինսկի խմբի համանախագահող երկրների երեք նախագահների հայտարարությունը ու նշեց՝ դրան անպայման պետք է քայլեր հաջորդեին.«Ես մի բավականին ուշագրավ նյութ եմ ընթերցել։ Մակրոնի քաղաքական խորհրդական՝ Թիեռ Մեսսամն  ասում է՝  Վաշինգտոնի լակեյ Սադամ Հուսեյնը ժամանակին խախտեց ստատուս քվոն՝ կարծես իրեն թույլատրվում էր ամեն ինչ անել ու նա հարձակվեց Քուվեյթի վրա, դարձավ ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամին ու կնքեց իր մահկանացուն։ Հիմա նույն այդ մեկնաբանը ասում է, որ Էրդողանն է «չափն անցել» իր գործողություններով ու կարող է արժանանալ այդ նույն ճակատագրին։ Անգամ նշում է, որ Էրդողանն ընկել է  որագայթի մեջ։Չի բացառվում, որ Մոսկվան ու Վաշինգտոնը միասնաբար գան դիվանագիտական որոշման ու նրան վերացնեն մեջտեղից,քանի որ ռուսներին զզվեցրել է  Էրդողանի քաղաքականությունը՝ հատկապես Կովկասյան արկածախնդրությունը»։ Արման Նավասարդյանը մեջբերեց նաև Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքերը, ով նշել է, թե Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան այսօր դարձել է միջազգային հարթակում որոշիչ գործոն.«Առանց Թուրքիայի չի կարելի լուծել խնդիրներ Միջերկրական ծովում, Մերձավոր արևելքում, Կովկասում։Առանց Թուրքիայի կայացրած որոշումները կլինեն անկայուն ու կարճաժամկետ։ Ես ուզում եմ այս ամենը նշելով մի թեզ առաջ քաշել՝ մեր այն դոկտրինը, թե «խաղաղությանն այլընտրանք չկա» պետք է փոխվի հետևալ թեզով՝ ռազմական գործողություններին, պատերազմին այլընտրանք չկա։Ես առաջարկում եմ օգտվել այս իրավիճակից, հասցնել վճռական հարվածներ, որոնցից մեկը վերաբերում է  երկաթուղուն՝ մինչև Եվլախ շարքից հանել, և նավթամուղին»։