Ադրբեջանը չի պահելու հրադադարը, ամբողջ պետության ճակատագիրը՝ գրեթե 99 տոկոսով վճռվում է ռազմի դաշտում

Ադրբեջանը չի պահելու հրադադարը, ամբողջ պետության ճակատագիրը՝ գրեթե 99 տոկոսով վճռվում է ռազմի դաշտում

Հայաստանը և Ադրբեջանը հոկտեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 00:00-ից որոշում կայացրեցին հաստատել մարդասիրական զինադադար։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության»։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը առավոտյան հայտնել է, որ որոշ հատվածներում հարադադարն ուժի մեջ է մտնել։ Հայաստանի Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնել է Ադրբեջանի կողմից հյուսիսային և հարավային հատվածներում հրադադարի խախտման մասին.«Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը` հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ»։ Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ հրադադարը պայմանական բնույթի է, պատահական չէ, որ դրան կցվում է հումանիտար կամ մարդասիրական ածականը. «Չեմ կարծում, թե Ադրբեջանը պահելու է որևէ հրադադար։ Ադրբեջանը շարունակելու է ցեղասպանական ագրեսիվ պատերազմը Հայաստանի դեմ։ Իրական և ինչ-որ իմաստով տեղական 1-2 օր տևելիք հրադադարներ մենք կունենանք այն ժամանակ, երբ Ադրբեջանը վերջնականապես սպառվի ու սկսկի նահանջել ողջ ճակատով։Բայց առհասարակ վերջնական կամ տարիներ տևելիք հրադադարի մասին հնարավոր կլինի խոսել ոչ միայն ներկա նախապատերազմական շփման գիծը վերականգնելու շնորհիվ, այլ Ադրբեջանին լուրջ տարածքային կորուստներ պատճառելուց հետո միայն, այլապես մենք այդ արյունալի շրջապտույտի մեջ ենք լինելու»։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ողնաշարը պետք է կոտրվի.«Եթե ի վիճակի չլինենք այս պատերազմի ընթացքում 100 տոկոսով ջարդենք, ապա պետք է շատ լուրջ ճեղք առաջացնենք, կոտրվածք տանք, որպեսզի այս պատերազմից հետո 20-30 տարի շահենք և որպեսզի 20-30 տարի այլևս չմսխենք տարբեր օլիգարխիկ ապապետական կառավարումների վրա, այլ իրական պետություն ու գերհզոր բանակ կառուցենք, որպեսզի 20-30 տարի անց վերջանականապես կազմալուծենք Ադրբեջանն ու դուրս գալով Քուռ գետի ափ վերջնականապես լուծենք այդ խնդիրը։ Թեպետ ես չեմ բացառում, որ այդ ամենը կարող է տեղի ունենալ ավելի վաղ։ Ներկա փուլում պետք չէ բավարարվել միայն Ադրբեջանի հարձակումները կասեցնելով։ Այս պահի դրությամբ ռազմաճակատում իրադրությունը բոլոր վայրերում մեր օգտին է՝ բացառությամբ հարավի։ Հարավում ևս պետք է անպայման ամենամոտ ժամանակներում խնդիրները կարգավորվեն, որից հետո մենք պետք անցնենք պատժիչ գործողության ու որոշակի ցավալի տարածքային կորուստներ պատճառենք Ադրբեջանին»»։ Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանի գլխավոր անելիքը սպառազինությունների մատակարարման շուկաների տարբերակումն ու Հայաստան նոր սպառազինություններ բերելն է.«Ոչ միայն ավանդական մատակարարման վայրից։ Մնացածը երկրորդական հարցեր են։ Այսօր ամբողջ պետության ճակատագիրը՝ գրեթե 99 տոկոսով վճռվում է ռազմի դաշտում, իսկ դիվանագիտությունը՝ հատկապես այս փուլում պետք է զբաղվի ոչ թե սակավ արդյունավետ բանակցություններով, այլ նպաստի մեր ռազմական գերատեսչությանը՝ սպառազինությունների նոր շուկաներ հայտնաբերելու ու մատակարարումներն էապես մեծացնելու ուղղությամբ։ Ես վստահ եմ, որ այդ գործը կատարվում է, բայց պետք է ավելի արագ ու արդյունավետ կատարվի։ Մյուս կողմից էլ հասկանալի է , որ սա պետք է գաղտնիության պայմաններում արվի, հետևաբար որևէ անհրաժեշտություն չկա, որ մենք մանրամասն այդ քայլերի մասին իմանանք»։