Ֆուտբոլիստներ, որոնց Խոակին Կապառոսը չհրավիրեց Հայաստանի ազգային հավաքական

Ֆուտբոլիստներ, որոնց Խոակին Կապառոսը չհրավիրեց Հայաստանի ազգային հավաքական

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չորս հանդիպում անցկացրել իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորությամբ։ Դեռևս օգոստոսի սկզբին Կապառոսի հրապարակած՝ Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի ազգային թիմերի հետ հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը ոչ միանշանակ արձագանք ստացավ երկրպագուների շրջանում։ Խոսքը վերաբերում էր հատկապես նատուրալիզացված խաղացողներ՝ նիգերիացի Ուդոյի և կոլումբացի Անգուլոյի ազգային թիմ հրավիրելուն։ Մեր հավաքականում սկիզբ առած նատուրալիզացման պրոցեսին արդեն անդրադարձել ենք։ Իրավիճակին հայացք նետենք թերևս այլ տեսանկյունից։ Նշենք, որ թե Ուդոն և թե Անգուլոն հենակետային կիսապաշտպաններ են։ Հաշվի առնելով արդեն իսկ կայացած հանդիպումները՝ կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ օտարերկրացի ֆուտբոլիստները խաղային որակներով գերազանցում են «Արարատ-Արմենիայի» հենակետային կիսապաշտպաններ Արմեն Համբարձումյանին, Սարգիս Շահինյանին կամ նույն դիրքում խաղացող «Փյունիկի» ներկայացուցիչ Գոռ Մալաքյանին։ Վերջինս բազմիցս է հրավիրվել ազգային հավաքական և աչքի ընկել լավ խաղով։ Ունենք նաև Կարեն Մուրադյան, ով ելույթ է ունենում «Արարատում» և վերջին շրջանում ևս աչքի է ընկնում արդյունավետ խաղով։ Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումներին Կապառոսը հրավիրել էր Կարեն Մուրադյանին, և թվում էր, թե այս ֆուտբոլիստը կմասնակցի այդ հանդիպումներին։ Վերջին պահին, սակայն, Մուրադյանը, չգիտես ինչու, դուրս մնաց վերջնական հայտացուցակից։ Վերը նշված ֆուտբոլիստները չեն արժանանում Կապառոսի ուշադրությանը։ Իսկ թե ինչ վիճակում է գտնվում մեր հավաքականի հենակետային դիրքը՝ կարծում ենք, մեկնաբանության կարիք չունի։ Հատկապես վերջին երկու հանդիպումներում Արտակ Գրիգորյան-Անգուլո Վբեյմար զույգը ուղղակի ձախողվեց։ Վերջին շրջանում Հայաստանի հավաքականը խնդիրներ ունի նաև պաշտպանությունում։ Վերջին շրջանում արդյունավետ խաղով աչքի է ընկնում «Արարատի» եզրային պաշտպան Ժիրայր Մարգարյանը։ Վերջինս ևս այդպես էլ չհրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական։ Կապառոսի ուշադրությանը չի արժանանում նաև վերջերս Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Վոլգոգրադի «Ռոտոր» տեղափոխված Արմեն Մանուչարյանը։ Եվ սա այն դեպքում, երբ Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումներին վնասվածքի պատճառով հավաքականին չէր միացել աջ պաշտպան Հովհաննես Համբարձույանը։ Փոխարենը, ինչպես սեպտեմբերի 8-ին Երևանում կայացած Էստոնիայի դեմ մրցավեճում, այդպես էլ վերջին երկու խաղերում ևս Կապառոսը պաշտպանության ձախ եզրը վստահել էր Արման Հովհաննիսյանին։ Վերջինս անցյալ տարվա ձմռանը տեղափոխվելով ղազախան «Տոբոլ»՝ այս թիմի կազմում պաշտոնական որևէ հանդիպման չի մասնակցել։ Սեպտեմբերին կայացած Էստոնիայի դեմ մրցավեճից առաջ Հովհաննիսյանը վերջին պաշտոնական հանդիպումն անցկացրել էր 2019 թվականի սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Բոսնիա-Հերցեգովինայի դեմ։ Փաստորեն 13 ամսվա կտրվածքով Հովհաննիսյանը մասնակցում է բացառապես ազգային հավաքականի հանդիպումներին։ Այս իրողությունը որևէ կերպ բացատրելը կամ տրամաբանելը բավական բարդ է։ Վերջին երկու հանդիպումներում համոզվեցինք, որ խաղային պրակտիկայից զուրկ ֆուտբոլիստը չի կարող նման լարված հանդիպումներում լինել իր բարձրության վրա։ Հովհաննիսյանը կոպիտ սխալ թույլ տվեց նույնիսկ սեփական տուգանային հրապարակում՝ դարպասի մատույցներում։ Վերջին հանդիպումներում համոզվեցինք նաև,որ հավաքականը խնդիր ունի նաև կիսապաշտպանությունում։ Մասնավորապես չունենք, այսպես ասած, գնդակ պահող ֆուտբոլիստ։ Գևորգ Ղազարյանը նոր էր ապաքինվել վնասվածքից և երկու հանդիպումներին խաղաց մոտ 30 րոպե։ Արդյոք նման պայմաններում մեր ազգային թիմին չէ՞ր կարող օգնել «Փյունիկի» կիսապաշտպան, փորձառու Արաս Օզբիլիսը։ Վերջինս ևս չի արժանանում Կապառոսի ուշադրությանը։ Ամենատարակուսելին թերևս Կապառոսի կողմից արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանին սեպտեմբերին կայացած հանդիպումներին հավաքական հրավիրելն էր։ Ֆուտբոլիստ, որը վեց ամիս պաշտոնական հանդիպման չէր մասնակցել։ Ֆուտբոլիստ, որը մոլորակի մյուս ծայրից համավարակի պայմաններում ժամանել էր Հայաստան։ Այս որոշումը մեկնաբանելն իսկապես դժվար է։ Փոխարենը իսպանացի մասնագետը հավաքական չի հրավիրել «Գանձասար-Կապանի» հարձակվող Գեղամ Հարությունյանին, որը լավ մարզավիճակում է և աչքի է ընկնում արդյունավետությամբ։ Վերջին երկու հանդիպումներում Կապառոսը հավաքական էր հրավիրել ընդամենը մեկ նոմինալ հարձակվողի՝ ի դեմս Ալեքսանդր Կարապետյանի, որը սովորաբար չի կարողանում 90 րոպե մնալ խաղի տեմպի մեջ։