Ինչու չհաղթեցինք Վրաստանին. Կապառոսի քայլերի հետևանքը…

Ինչու չհաղթեցինք Վրաստանին. Կապառոսի քայլերի հետևանքը…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին չհաջողվեց հաղթել Վրաստանին։ Հանդիպման հենց մեկնարկում Հայաստանի ընտրանին արագ գոլի հեղինակ դարձավ: Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո իր առաջին գնդակը հավաքականի կազմում խփեց Խորեն Բայրամյանը: Առաջին կեսում վիճակագրական առավելություն ուներ Վրաստանի հավաքականը: Երկրորդ կեսի մեկնարկից մեկ րոպե անց վրաց ֆուտբոլիստները հավասարեցրին խաղի հաշիվը: Աչքի ընկավ Կաչարավան: Վրաստանի ընտրանուն հաջողվեց նաև զարգացնել հաջողությունը և 74-րդ րոպեին Օկրիաշվիլին խփեց իր թիմի երկրորդ գնդակը: Բայց 89-րդ րոպեին Հայաստանի ընտրանին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, և այն անվրեպ իրացրեց թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Ի վերջո խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հիշեցնենք, որ այս հանդիպումը պետք է կայանար Երևանում, սակայն ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ, հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը, այն կայացավ Լեհաստանի Տիխի քաղաքում: Ինչևէ, չնայած մրցավեճը սկզբունքային էր, և հաղթանակն ուղղակի անհրաժեշտ էր պատերազմական իրավիճակում գտնվող հասարակությանը, այնուամենայնիվ մեր ֆուտբոլիստները ցույց չտվեցին այն խաղը, որին սպասում էինք։ Վրաստանը խաղում էր ոչ մարտական կազմով, սակայն տպավորությունն այնպիսին էր, որ հարևան երկրի հավաքականի համար հաղթանակը շատ ավելի կարևոր էր։ Մեր ֆուտբոլիստներին չէր հաջողվում գնդակ պահել և խաղալ առաջին համարով։ Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ընտրել էր ըստ էության օպտիմալ մեկնարկային կազմ։ Միակ թույլ օղակը պաշտպանության ձախ եզրն էր, որտեղ խաղաց Արման Հովհաննիսյանը։ Վերջինս, անցյալ տարվա ձմռանը տեղափոխվելով ղազախան «Տոբոլ», այս թիմի կազմում պաշտոնական որևէ հանդիպման չի մասնակցել։ Բայց արի ու տես, որ այս ֆուտբոլիստը երկրորդ խաղում անընդմեջ տեղ է գտնում մեր գլխավոր թիմի մեկնարկային կազմում։ Երեկ համոզվեցինք, որ խաղային պրակտիկայից զուրկ ֆուտբոլիստը չի կարող նման լարված հանդիպումներում լինել բարձրության վրա։ Բոլորովին տրամաբանական չէին Կապառոսի կատարած փոփոխությունները։ 67-րդ րոպեին նա հենակետային կիսապաշտպան Անգուլոյի փոխարեն ասպարեզ դուրս բերեց «Նոան» ներկայացնող Յուրի Գարեգինյանին։ Վերջինս իր ակումբում հազվադեպ է հայտնվում մեկնարկային կազմում և սովորաբար դուրս է գալիս փոխարինման։ Ի դեպ, Գարեգինյանն առաջին անգամ էր հրավիրվել ազգային հավաքական, և Կապառոսը նրան խաղալու հնարավորություն տվեց գերլարված իրավիճակում, երբ հաշիվը 1։1 էր։ Գարեգինյանի կոպիտ սխալի հետևանքով վրացիները խփեցին երկրորդ գնդակը։ Իսպանացի հայտնի մասնագետի այս քայլը մեկնաբանելը կամ տրամաբանելը, հավատացեք, դժվար է։ Գարեգինյանին խաղաժամանակ տալու որոշումը, ինչպես նաև այս ֆուտբոլիստի չափազանց թույլ խաղը կարելի է համարել Վրաստանին չհաղթելու գլխավոր պատճառը։ Դժվար է մեկնաբանել նաև 90-րդ րոպեին Վահան Բիչախչյանին փոխարինման դուրս բերելը։ «Հիմնականում հավասար պայքար էր ծավալվում խաղադաշտում: Մենք վատ չսկսեցինք հանդիպումը, թեպետ մրցակիցը ևս գոլային պահեր շատ ունեցավ: Վրաստանի ընտրանին շատ լավ թիմ է և ուժեղ ֆուտբոլիստներ ունի: Վրաստանն ինձ չզարմացրեց»,- խաղից հետո ասել է Կապառոսը: Խոսելով խաղակեսերի մասին՝ իսպանացի մասնագետը շեշտեց, որ երկրորդ կեսում մրցակիցը ավելի քիչ գոլային պահեր ստեղծեց, բայց երկու անգամ էլ գրավեց դարպասը: Հանդիպման որոշ դրվագներում մեր գրոհները սուր էին, բայց... Մխիթարյանը փորձում էր կապել խաղային օղակները, մի շարք ֆուտբոլիստների գործողություններում սխալներն ու խոտանը չափից շատ էին։ Ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք։ Մեր ենթախմբի մյուս խաղում երեկ Էստոնիայի ֆուտբոլի ընտրանին մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ: Էստոնացիները չկարողացան պահպանել հաղթական հաշիվը, և Հյուսիսային Մակեդոնիային հաջողվեց 1:3 հաշվով պարտվելու դեպքում ի վերջո խաղն ավարտել ոչ-ոքի: Էստոնիա-Հյուսիսային Մակեդոնիա՝ 3:3: Այս պահին Հայաստանի հավաքականը 4 միավորով շարունակում է մնալ երրորդ հորիզոնականում՝ մեկ միավորով զիջելով 1-2-րդ տեղերում գտնվող Վրաստանին և Հյուսիսային Մակեդոնիային։ Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Հայաստանը կխաղա Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիան՝ Վրաստանի հետ: Հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը առնվազն կհայտնվի 2-րդ հորիզոնականում։ Եթե Հյուսիսային Մակեդոնիա-Վրաստան հանդիպումը ավարտվի ոչ-ոքի, իսկ մերոնց հաջողվի հաղթել, ապա միանձնյա կգլխավորենք մրցաշարային աղյուսակը։ Հիշեցնենք, որ Երևանում Հայաստանի ազգային հավաքականն առանց Հենրիխ Մխիթարյանի մեկ ամիս առաջ 2։0 հաշվով հաղթել էր Էստոնիային։