Կապառոս․ Հասկանում ենք, որ պետք է ուրախություն պարգևենք մեր ժողովրդին

Կապառոս․ Հասկանում ենք, որ պետք է ուրախություն պարգևենք մեր ժողովրդին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում ձգտելու է հաղթել Վրաստանին: Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: «Իհարկե, շատ բարդ իրավիճակ է ստեղծվել մեզ համար: Բայց ֆուտբոլիստները համախմբված են և քաջ գիտակցում են համախմբվածության կարևորությունը: Հասկանում ենք, որ պետք է ուրախություն պարգևենք մեր ժողովրդին: Սա այլ տեսակի հանդիպում է: Վրաստանը լավ հավաքական ունի: Նրանք մի որոշ ժամանակ միասին են հանդես գալիս»,-ասաց նա: Անդրադառնալով Գևորգ Ղազարյանին, ով հավաքականի մարզումներին չէր մասնակցում, Կապառոսը փաստեց, որ կիսապաշտպանն այժմ վերականգնողական փուլի մեջ է և թիմին կկարողանա օգնել Էստոնիայի դեմ խաղում: «Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, ով իր ներկայությամբ իսկ մոտիվացնում է մյուս ֆուտբոլիստներին»,-ասաց նա: Իսպանացի մասնագետի կարծիքով` Ազգերի լիգայի C խմբում հավասար պայքար է ընթանում բոլոր թիմերի միջև: «Ցանկացած հաջող գործողություն և ցանկացած սխալ, կարող է որոշիչ լինել խմբում: Պետք առավելագույն կերպով գործենք»,-եզրափակեց նա: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգերի լիգայի հոկտեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Վրաստան հանդիպման վայրը փոխվել է ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ: Հանդիպումը կկայանա նույն օրը Լեհաստանի Տիխի քաղաքում։ Ինչպես և Հայաստան-Ալբանիա հանդիպման դեպքում, ՈՒԵՖԱ-ն որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին օրերի բանակցությունների ընթացքում վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը հանդիպումն անցկացնել Երևանում։ Նշենք, որ Հայաստանի իշխանությունները դեռևս նախորդ շաբաթ անվտանգության երաշխիքները հավաստող պաշտոնական գրություն էին տրամադրել ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը։ ՀՖՖ-ն, իր հերթին, պնդել է, որ պատրաստ է Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացնել սեփական հարկի տակ՝ հաշվի առնելով տրված երաշխիքները, սակայն ՈՒԵՖԱ-ն այլ որոշում է կայացրել։ Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսների։ Հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը Տալինում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ։