ԱՄՆ Պետդեպը հայտարարությամբ դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

ԱՄՆ Պետդեպը հայտարարությամբ դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի սրումը և կոչ անում անհապաղ դադարեցնել բռնությունը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը: «Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է բռնության աճը: Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին և երկու կողմերին կոչ արել անհապաղ դադարեցնել բռնությունը, օգտագործել նրանց միջև գոյություն ունեցող անմիջական հաղորդակցության ուղիները՝  խուսափելու համար լարվածության հետագա սրումից և անօգուտ հռետորաբանությունից», — ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ: Նրա խոսքով ՝ Վաշինգտոնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի շրջանում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով, ինչը հանգեցրել է «զգալի կորուստների, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում»: «Միացյալ Նահանգները կարծում է, որ աճող բռնությանը արտաքին ուժերի մասնակցությունը ծայրաստիճան անօգուտ կլինի և միայն կխորացնի տարածաշրջանային լարվածությունը: Մենք կողմերին հորդորում ենք աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան բովանդակալից բանակցությունների», — ասվում է փաստաթղթում: Օրթագուսը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները, որպես համանախագահող երկրներից մեկը, պատրաստ է աջակցել կողմերին խաղաղ և տևական լուծման հասնելու հարցում: