Դեսպան Եդիգարյանը հավատարմագրերն է հանձել Բուլղարիայի Հանրապետության նախագահին

Դեսպան Եդիգարյանը հավատարմագրերն է հանձել Բուլղարիայի Հանրապետության նախագահին

Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Եդիգարյանը հավատարմագրերն է հանձնել նախագահ Ռումեն Ռադևին (Rumen Radev): Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահ Ռադևը, ջերմորեն շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր կարևոր դերակատարումը կունենա Բուլղարիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման գործում: Նախագահ Ռադևը մեծ դրվատանքով ներկայացրել է հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, բարեկամական ու եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով հայ համայնքի դրական ներգրավվածությունն ինչպես երկրի ներքին կյանքում, այնպես էլ՝ երկկողմ հարաբերություններում: Դեսպան Եդիգարյանը, իր հերթին, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի հայ-բուլղարական ջերմ հարաբերություններն առավել խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Նա բուլղարական կողմին է ներկայացրել նաև թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: