Հայկական շրջանակներ, որ «խլում» են ադրբեջանական պրոպագանդային տրված քարտ-բլանշը

Հայկական շրջանակներ, որ «խլում» են ադրբեջանական պրոպագանդային տրված քարտ-բլանշը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետի հայտարարությունները խոչընդոտում են բանակցային գործընթացին և որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ պետք է հանձնվեն հինգ շրջանները: Այդպես են ներկայացնում ադրբեջանական պատվիրակության և ՌԴ արտգործնախարարի հանդիպումը Բաքվի լրատվամիջոցները: Այն, որ դրանք վարպետացել են տարբեր երկրների դիվանագետների հայտարարություն նենգափոխելու և խեղաթյուրելու հարցում, անկասկած է: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այդ առնչությամբ հայտարարել է, թե պետք է հիմք ընդունել ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը: Իսկ դրանում, իհարկե, որևէ խոսք չկա այն մասին, ինչ Լավրովին վերագրում են ադրբեջանցիները: Ընդ որում, ամենևին պետք չէ բացառել և այն, որ Լավրովը նրանց հետ հանդիպմանը իսկապես ասել է խոսքեր, որոնք, սակայն, տեղ չեն գտել հրապարակային պաշտոնական հաղորդագրության մեջ: Մոսկվան լրջորեն չի ընդդիմանա Ադրբեջանի այդօրինակ հնարքներին, Բաքվում առանց այդ էլ կորսվող դիրքերի պայմաններում Ադրբեջանի հետ հրապարակային առճակատման ռիսկից խուսափելու համար: Բանն այն է, որ Մոսկվան այստեղ կարծես թե պատրաստվում է անցնել այսպես ասած՝ «դիվանագիտական պարտիզանության» մեթոդաբանությանը, իսկ դրա համար կարևոր է բաց առճակատման առիթներ թույլ չտալը: Ըստ ամենայնի, այդ իմաստով Ռուսաստանը կարող է նաև քարոզչական քարտ-բլանշ տալ Բաքվին, փորձելով երկակի խաղ, առավել ևս որ դա նոր չէ ռուսական քաղաքականության համար՝ մի ձեռքով Հայաստանի, մյուսով՝ Ադրբեջանի հետ: Հայաստանի համար այստեղ խնդիրը այդտեղ չէ, որքան էլ առերևույթ այդ հանգամանքը թվում է խնդրահարույց: Ի վերջո ակնառու է, որ կարևոր՝ ռազմա-տեխնիկական ուղղությամբ Հայաստանն ու Ռուսաստանը աշխատում են սերտ: Ամբողջ հարցն այն է, որ Բաքվի ստացած քարոզչական այդ քարտ-բլանշը Հայաստանի դեմ հավասարապես օգտագործում են նաև հայաստանյան ուժեր իրենց ներքին նպատակները սպասարկելու համար՝ կանգ չառնելով Ալիևի ոչ պաշտոնական խոսնակի կարգավիճակում հայտնվելու, մեղմ ասած, անհարմար դրության առաջ: