Մասնավոր բուհերի վիճակը տարեցտարի վատանում է․ COVID-19 համավարակը լուրջ ֆինանսական ազդեցություն է ունեցել

Մասնավոր բուհերի վիճակը տարեցտարի վատանում է․ COVID-19 համավարակը լուրջ ֆինանսական ազդեցություն է ունեցել

Մասնավոր բուհերում COVID-19 համավարակի պատճառով ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջացել։ Մասնավոր բուհերի վիճակը տարիներ շարունակ գնալով վատանում է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը։ «Երբ համեմատական անալիզ ենք անում նախորդ տարիների հետ՝ մոտ 10 տարվա կտրվածքով, հասկանում ենք, որ տարեցտարի բուհերում վիճակն ավելի վատացել է։ Եվ դա առաջին հերթին կրթության որակի առումով։ Այս հարցը շատ խորքային վերլուծության կարիք ունի։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Չէ՞ որ ունեինք մի վիճակ, որ փոխանակ լավացնեինք ամեն ինչ, վատացրել ենք»,- նշեց համալսարանի ռեկտորը։ Խոսելով այս տարվա ընդունելության քննությունների մասին, ռեկտորն ասաց՝ միասնական մեկ քննությունով բուհ ընդունվելու հետևանքով կրթական որակի պատկերն էապես փոխվեց ու բոլորովին համարժեք չէր նախորդ տարիների հետ, երբ մրցույթը անցկացվում էր մի քանի առարկաներով։ «Մյուս կողմից բավականին թուլացել է ընդհանուր մրցույթը։ Հիմնական պատճառներից մեկը և՛ դպրոցից գիտելիքների ցածր մակարդակով գալն է, և՛ բուհերում դիմորդների լրացման խնդիր կա, այդ իսկ պատճառով մոտեցումը թուլացել է։ Եթե հետ գնանք 10 տարի, կարող ենք ասել, որ այն ժամանակ ընդունելության մրցույթն ավելի ուժեղ էր ու ընտրության արդյունքում ավելի որակյալ ուսանողներ էին ընդունվում»,- մանրամասնեց Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը։ Ռեկտորի խոսքերով՝ կրթության որակի ցածր լինելը հանգեցնում է նրան, որ ուսանողները աշխատաշուկայում մրցունակ չեն դառնում, գործատուները վստահություն չունեն։ Աղաբաբյանը նշում է, որ այսօր բուհերում գնահատման համակարգի խնդիր կա։ «Երբ համեմատում ենք ամբողջ աշխարհի բուհերը, դրանք կառուցվածքային սխեմայով գրեթե նույնն են։ Նույն ֆակուլտետներ, բաժիններ, կառավարման խորհուրդներ, շրջանավարտների միություն։ Ո՞րն է հիմնական խնդիրը։ Հիմնական խնդիրն այն է, որ մեզ մոտ գնահատականները համեմատելի չեն։ Այսինքն՝ մի բուհում ուսանողը կարող է գերազանց ստանալ, մյուս բուհում՝ անբավարար։ Գնահատման համակարգը կատարյալ չէ։ Իսկ արտասահմանում, քիչ թե շատ, թե՛ գիտակցական տեսակետից, թե՛ մեխանիզմների կիրառման տեսակետից, թե՛ օբյեկտիվության տեսակետից առաջ են։ Մեզ մոտ գնահատականներից կախվածության ու դիպլոմ ստանալու մոլուցքը պահպանվում է։ Գործատուն պետք է վստահի շրջանավարտի գնահատականին, դիպլոմին, որ գործատուն հստակ տեսնի շրջանավարտի փաստացի վիճակը։ Գործատուն տեսնում է կարմիր դիպլոմը, մի քանի հարց է տալիս, տեսնում է՝ մասնագիտությունից գաղափար չունի ու դրանով կարծիք է կազմում մյուսների մասին»,- տեսակետ հայտնեց ռեկտոր Արթուր Աղաբաբյանը։ Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը տեղեկացրեց, որ իրենց բուհն այս տարի մոտ 100 դիմորդ է ունեցել, որը նախորդ տարվա 70 տոկոսն է կազմում։ Ռեկտորի գնահատմամբ՝ կորոնավիրուսային համավարակը մեծ ազդեցություն ունեցավ նաև ուսանողների վճարունակության անկման վրա։ «Մարդկանց մի մասը անվճարունակ գտնվեց, որը ազդեց ընդունելության պատկերի վրա»,- ասաց Աղաբաբյանը։ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ իրենց համալսարանում դեռևս շարունակվում են հեռակայի ընդունելության քննությունները։ Քանի որ Հյուսիսային համալսարանն ավելի շատ մասնագիտացված է հեռակայի ընդունելության մեջ, ռեկտորը դժվարացավ հստակ ասել, թե ուսանողների թվաքանակի մասով այս պահին ինչ պատկեր ունեն։ «Մեզ մոտ հեռակայի ընդունելությունը դեռևս շարունակվում է։ Իսկ առկա ընդունելության մասով կարող եմ ասել, որ համեմատաբար ակտիվ էր։ Սակայն պետք է նշեմ, որ ստացիոնար ընդունված դիմորդներն ընթացքում տեղափոխվում են հեռակա։ Դրա համար այս պահին հստակ չեմ կարող ասել, թե ինչ պատկեր ունենք։ Վերջնական տվյալներ այս պահին որոշակիացված չեն»,- ասաց ռեկտոր Մհեր Մակիչյանը։