Որ Նիկոլն ասում է պետք է շարունակի հետևողական սխալների ճանապարհը, ներեցեք՝ էդ ո՞ւմ հաշվին․ «Յոժ»

Քաղաքական սատիրիկների համար լայն հորիզոններ են բացվել: «Առանձնապես բան չի փոխվել, միայն այն է փոխվել, որ հիմա մի քիչ ավելի հանգիստ ենք աշխատում, խոսքի ազատություն կա, և մի փոքր ավելի պաշտպանված ես զգում, որ մեքենադ չեն վառի, փողոցում չեն ծեծի, թեև երբեք չի կարելի ասել՝ երբեք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց դերասան, սատիրիկ Սերգեյ Դանիելյանը: Նա նաև նկատեց, որ հիմա իրադարձությունները շատ ավելի արագ են փոխվում և մեկը մեկից զավեշտալի: Քաղաքական գործիչների բառամթերքի վերաբերյալ դերասանը նշեց. «Առաջ էլ մի բան չէր, այօր էլ, միշտ էլ հայհոյանքը, զազրախոսելը, իրար երեսի թքելը եղել է, առանձնապես չեն աճել»: Անդրադառնալով դիտարկմանը, որ ՍԴ նորընտիր դատավորները երդմամբ ստանձնեցին պաշտոնը՝ Սերգեյ Դանիելյանը նշեց, որ ՍԴ այդ դատավորներին ընտրելով՝ տեղի ունեցավ նախկին իշխանության «ռեբրենդինգ»: «Սկզբում կարծում էինք, որ իշխանության եկան մարդիկ, որոնք ուզում են ինչ-որ բան փոխել, բայց չգիտեն ինչ, հիմա հասկացանք, որ իշխանության են եկել մարդիկ, որոնք չեն ուզում ոչինչ փոխել: Հին իշխանությունն «աբդեյթ» է լինում: Դատական իշխանությունը չի փոխվելու, լինելու է մանիպուլյատիվ»,- նշեց Ս. Դանիելյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանություններին քննադատելու ֆոնին հրապարակում է արել՝ մասնավորապես գրելով. «ՔՊ-ն պետք է շարունակի «հետևողական սխալների այն ճանապարհը», որ սկսել է 2014 թվականին և նույնիսկ դրանից առաջ: Որովհետև դա է Հայաստանը առաջ տանելու ճանապարհը: Մենք պետք է հրաժարվենք «սիրված լինելու» կոմֆորտ զոնայում գտնվելու մեր ձգտումներից, որովհետև մենք իշխանության չենք եկել այստեղ մնալու համար, մենք իշխանության եկել ենք մեր ժողովրդի, մեր պետության համար մտածողության նոր հարթություն ձևավորելու և Հայաստանը այդ նոր հարթություն բարձրացնելու նպատակով: Եվ մենք անելու ենք դա՝ շարունակելով հետևողական սխալների մեր ռազմավարությունը: Որովհետև որևէ որոշում ճիշտ կամ սխալ համարելու համար սկզբունքային նշանակություն ունի այն ռակուրսը, որից դիտարկում ես այն: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Սերգեյ Դանիելյանն արձագանքեց. «Նիկոլը որ ասում է՝ պետք է շարունակի «հետևողական սխալների ճանապարհը», էդ ո՞ւմ հաշվին»: Մանրամասները՝ տեսանյութում: