Գիտնականները սաթի մեջ հնագույն սերմնահեղուկ են հայտնաբերել

Գիտնականները սաթի մեջ հնագույն սերմնահեղուկ են հայտնաբերել

Հետազոտողների միջազգային խումբը, Չինաստանի գիտությունների ակադեմիայի մասնագետների գլխավորությամբ, 100 միլիոն տարվա հնագույն սերմնահեղուկ են հայտնաբերել: Նրանք գտածոն նկարագրել են Proceedings of the Royal Society B: Biological Sciences ամսագրում: Հետազոտողները Մյանմայից բերված սաթի նմուշում հայտնաբերել են օստրակոդի՝ երկփեղկ խեցիով մանր խեցգետնանմանների 39 բրածոներ: Նրանց ուշադրությունը գրավել է էգերից մեկը, որի վերարտադրողական օրգաններում սերմնաբջիջներ են եղել: Դատելով վերարտադրողական օրգանների վիճակից՝ էգը խրվել է խեժի մեջ զուգավորումից գրեթե անմիջապես հետո: Քարացած սերմնահեղուկի հայտնաբերումը չափազանց հազվադեպ երևույթ է, քանի որ փափուկ հյուսվածքը սովորաբար չի պահպանվում նստվածքներում: Բայց այս դեպքում սաթը նպաստավոր միջավայր է եղել և դրանք պահպանվել են մինչ օրս: Այս պահին դրանք հայտնաբերված ամենահին սերմնահեղուկներն են. նախորդները, որոնք պատկանում էին որդերի մի տեսակի, երկու անգամ «ավելի երիտասարդ» էին: