Նոր լարո՞ւմ. Մինսկի համանախագահների խնդիրը փոխվել է

Նոր լարո՞ւմ. Մինսկի համանախագահների խնդիրը փոխվել է

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Տավուշի սահմանագոտու ուղղությամբ ադրբեջանական սադրանքի մասին, որի հետևանքով զոհվել է Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը: Ադրբեջանական կողմը սադրանքից առաջ փաստորեն իրականացրեց տեղեկատվական նախապատրաստություն, նախօրեին հայտնելով հայկական կրակոցից իր զոհի մասին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց, թե հայկական ուժերը խախտել են հրադադարն ու կրակել ադրբեջանական կողմի ուղղությամբ: Փաստացի, ադրբեջանական սադրանքը ուղեկցվեց ապատեղեկատվությամբ, որ տարածվեց Բաքվից: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանցիները վերջին օրերին աշխուժություն են ցուցաբերել դիրքերի ինժեներական աշխատանքների տեսքով, փորձելով կատարել ամրաշինական աշխատանք և նպաստել լարվածությանը: Ըստ Հայաստանի ՊՆ հաղորդագրության, հայկական կողմը բնականաբար ձեռնարկել է զսպող քայլեր: Մենք բառացիորեն երկու օր առաջ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության առնչությամբ շոշափեցինք խնդիրը, որ հրադադարի խախտում և լարվածություն հասկացությունը չպետք է դիտարկվի լոկ կրակոցներով, որովհետև դիրքային ամրաշինական աշխատանքները որոշակիորեն ևս հրադադարի խախտում են, առնվազն դրան նախապատրաստվելու իմաստով: Եվ այդ տեսանկյունից ակնհայտ է, որ Ադրբեջանը դրսևորում է բավականին հանդուգն և ագրեսիվ վարք՝ ակնկալելով, որ հայկական կողմի պատասխանը կմատուցվի որպես հրադադարի խախտում: Հենց այդ համատեքստում մենք անհրաժեշտ համարեցինք և համարում ենք, որ Մինսկի խմբի համանախագահները լարվածության աճ թույլ չտալու համար պետք է դիտարկեն հրադադարի պահպանման մեխանիզմների տեղակայումը, և հրադադար հասկացությունն էլ դիտարկեն նաև ամրաշինական աշխատանքների որոշակի ծավալից սկսած: Համանախագահները կոչ էին արել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանդիպել, իսկ կողմերին կոչ էին արել «առանց նախապայմանի լուրջ բովանդակային բանակցության»: Ադրբեջանական սադրանքը՝ ամրաշինական աշխատանքից մինչև հայկական ԶՈՒ զինծառայողի սպանություն, գործնականում ցավալիորեն ակնհայտ պատասխան է համանախագահներին, որ այդօրինակ կոչերը Բաքվի համար չունեն ոչ մի նշանակություն: Ավելին, սահմանային նոր սադրանքը Բաքվի, թեև նոր իրավիճակի պայմաններում պարզապես Անկարայի հերթական ապտակն է Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներին, ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամներին: Ըստ այդմ, նրանց միջնորդական խնդիրն այլևս այն չէ, թե որքանով կիրականացնեն առկա իրավիճակի, ստատուս-քվոյի քաղաքական կառավարում: Դա խնդիր էր, քանի դեռ Անկարան չէր վերցրել Ադրբեջանը: Այժմ խնդիրն այն է, թե ՄԱԿ ԱԽ երեք անդամները կամ Մինսկի խմբի համանախագահ եռյակը որքանով է ի վիճակի զսպել, հակազդել Թուրքիային: