Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Բարձր գնահատելով ստեղծված համագործակցության մակարդակը և այդ համատեքստում կարևորելով ԱՀ ոստիկանության հետ այսօր ստորագրված հուշագիրը՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում ոլորտում սպասվող բարեփոխումների շրջանակում Արցախի քրեակատարողական վարչությունը կփոխանցվի արդարադատության նախարարությանը: Հանրապետության նախագահի խոսքով՝ գործընթացի սահուն կազմակերպման և քրեակատարողական հիմնարկում պայմանների բարելավման, ազատազրկվածների իրավունքների լիարժեք պաշտպանության գործում ակնկալվում է նաև ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան կառույցների խորհրդատվական աջակցությունը: Իր հերթին Արթուր Գոյունյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար, ներկայացրել արցախցի գործընկերների հետ քննարկված օրակարգը և պատրաստակամություն հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել հետագա աշխատանքներին: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը: